ԼՂ կառավարության տեղեկագրում հրապարակված են Լաչինի միջանցքի շրջափակման 254-րդ օրվա վիճակագրական տվյալները:
-
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,835 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։
-
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 721 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: Օգօստոսի 21-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 41 հոգի տեղափոխվել են Հայաստան: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր:
-
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
-
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 225 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (254 օրվա ընթացքում մարդկանց 622,300 -ի փոխարեն՝ 2,764 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 61 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի և ռուս խաղաղապահների մեքենաներով:
-
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 78 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (254օրվա ընթացքում 230,680-ի փոխարեն՝ 2,964 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 4 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները:
-
Շուրջ 18 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (254 օրվա ընթացքում մոտ 101,600 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
-
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 187 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 225 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
-
Շրջափակումից ի վեր 1468 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
-
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։
-
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
-
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 483 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 53 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: