Հայաստանը շահագրգռված է անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք, այս նպատակներով, այս մղումներից ելնելով, արվում են: Այդ մասին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ միջնորդությունն առավել արդյունավետ կլիներ՝ Ռուսաստանի՞նը, ԱՄՆ-ի՞նը, թե՞ Շառլ Միշելինը:
Ըստ Միրզոյանի՝ երկրների ղեկավարների և նախարարների մակարդակով բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում: Բայց հայկական կողմի համար էական է այն, որ բոլոր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն և կյանքի կոչվեն՝ առանց տարբերություն դնելու հարթակների միջև:
«Ցավոք, մենք մի քանի անգամ արդեն ականատես ենք եղել մի իրավիճակի, մասնակցել ենք մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, հետո իրականության մեջ՝ գետնի վրա, մենք այդ պայմանավորվածությունը չենք տեսնում: Օրինակ՝ մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում, և սա մեզ համար խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից:
Եվ երկրորդը՝ ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև միշտ հակառակ գործընթացների ենք ականատես լինում: Մասնավորապես, մինչ մենք խոսում ենք այն մասին, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, և առանց դրա իրատեսական չէ ակնկալել երկարատև և կայուն խաղաղություն Հարավային Կովկասում: Իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ տարածաշրջանի, մի ամբողջ ժողովրդի պաշարում, սովամահության դրդում, անհրաժեշտ դեղարայքից զրկել և այլն»,- նկատեց ՀՀ արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ ԼՂ-ում ստեղծված իրավիճակից տուժողների թվում կան երեխաներ, հղի կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, և մարդիկ, որոնք անհապահաղ բուժօգնության կարիք ունեն:
«Վերադառնալով բուն հարցին՝ հարթակների միջև չենք դնում տարբերությունը, այլ մեթոդների, և կարևորում ենք պայմանավորվածությունների կյանքի կոչումը և կառուցողական ու բարի կամքով բանակցություններին մասնակցելը:
Մենք մեր միջազգային գործընկերներից, բոլոր հարթակներից և միջնորդներից ակնկալում ենք, որ միջնորդները պետք է հոգ տանեն այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասաց նա: