ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 21-ին ամբողջությամբ դադարեցրեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:
Մինչ այդ՝ օգոստոսի 3-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտագության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում էր կայացրել Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանի շահագործումը ամբողջությամբ դադարեցնելու մասին։