Երևանի Մետրոպոլիտենի համար 45 նոր շարժակազմ ձեռք կբերվի
Երևանի մետրոպոլիտենի համար 45 նոր շարժակազմ ձեռք կբերվի, վերջիններիս տեխնիկական բնութագրերը պատրաստ են, և առաջիկայում մրցույթներ կհայտարարվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին և տեղեկացվեց, որ շահագործվող վագոնները 1976 թվականի արտադրության են:
«Բոլոր շարժակազմերը մետրոպոլիտենում արդեն իսկ հնամաշ են, չնայած որոշակի կոսմետիկ աշխատանքներ իրականացվել են, տեսքի են բերվել, այնուամենայնիվ, բոլոր շարժակազմերը մետրոպոլիտենում կարիք ունեն փոխարինման, և մենք նոր վագոնների կարիք ունենք»,- ասաց Ավինյանը և տեղեկացրեց, որ այդ մասով գնումների վարչության հետ պետք է համատեղ աշխատանք իրականացվի: