Հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշները 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ թիմային հաշվարկում հայ ըմբիշները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:
Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը՝ եզրափակչում 13:4 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Աղաջանյանը 4 գոտեմարտ է անցկացրել՝ հաղթելով ընդհանուր 32:0 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը 4 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որում ուժերը չափել է Եգիպտոսը ներկայացնող Մուսթաֆա Հուսեյն Ֆաթի Ալամելդինիի հետ և 2:4 հաշվով զիջել մրցակցին՝ արժանանալով երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալին:
Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Վճռորոշ գոտեմարտում նա 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Ջոն Ուոլկերի նկատմամբ։ Նազարյանը մեկնարկային գոտեմարտում 9:1 հաշվով առավելության է հասել ճապոնացի Դաիսաե Իսոեի նկատմամբ, ապա 3:1 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին և դուրս եկել կիսաեզրափակիչ: 1/2 եզրափակչում արդեն Նազարյանը հավասար հաշվի պայմաններում (1:1) զիջել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ալի Չուբանիին:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ էին նաև Ռուբեն Գևորգյանն (82 կգ) ու Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականը 1 բրոնզե մեդալ էր նվաճել երիտասարդական ԱԱ-ում: Ազատ ոճայինների կազմում միակ մեդալը նվաճել էր 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8:4 հաշվով առավելության հասնելով ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևի նկատմամբ: