ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:
Ծրագրին մասնակցում է շուրջ 600 դիմորդից մրցութային փուլը հաղթահարած ՀՀ դպրոցների ավագ դասարանների 60 աշակերտ:
Աշակերտների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին, մարզերում որոշ առարկաների գծով ուսուցիչների համալրման գործընթացին:
Նախարարը կարևորել է նախարարության կողմից կրթությունը խրախուսող հոլովակների և քարոզչական այլ նյութերի պատրաստումն ու ցուցադրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա երիտասարդների շրջանում կրթության արժևորման և տարածման գործում: Նա խոսել է նաև ավագ դպրոցներում ուսուցման նոր մեթոդների, մասնավորապես, անհատականացված ուսուցման կիրառման մասին:
Նախարարը պատասխանել է աշակերտների՝ ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերին: Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նախարարին կից գործող աշակերտական խորհրդի դերը, նշել է.
«Ի դեմս աշակերտների՝ կրթական համակարգում մենք ունենք ներուժ, որն արդյունավետ չենք օգտագործում: Մենք հակված ենք աշակերտներին վերաբերվել որպես կրթական համակարգի հիմնական շահառու, բայց դուք դրա լիարժեք մասնակիցն եք: Իրականում կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը: Կարծում եմ՝ փոփոխությունների մեջ դուք ամենալավն եք տեսնում այն խնդիրներն ու բացերը, որոնք կարելի է լավարկել ու վերանայել»:
Օգոստոսի 21-ին «Ամառային դպրոց» ծրագրի առաջին դասընթացն էր: Ծրագիրը կտևի 2 շաբաթ: