2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։
Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։ Խումբը կապահովի նաև գրավոր և բանավոր, այդ թվում՝ թեժ գծով և այլ հեռախոսահամարներով ստացած դիմումների ու բողոքների պատշաճ քննարկում։
Աշխատանքային խումբը կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաև իրավախորհրդատվության, քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար:
Պաշտպանի աշխատակազմը, իր հաստատված գործելաոճին համապատասխան, ընտրության օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ: