Ամբողջ աշխարհում լսողության խանգարումների աճին զուգահեռ Հայաստանում ոլորտը վերջին տարիներին պետական հատուկ ուշադրության ներքո է: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
ԱՀԿ տվյալների համաձայն՝ 466 միլիոն մարդ հաշմանդամության հանգեցնող լսողության կորուստ ունի, որից 36 միլիոնը երեխաներ են: Մինչև 2050 թ.-ը բնակչության 10-ից 1-ը լսողության կորստի ռիսկի է ենթարկված:
Բուժօգնության արդյունավետությունը բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ակտիվացնում է երկխոսությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ:
Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր անցկացրել է աշխատանքային քննարկում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդի, Աուդիոլոգների միջազգային ընկերության գլխավոր քարտուղար, ԱՀԿ փորձագետ, պրոֆեսոր Գեորգի Տավարտկիլաձեի, ԱՆ և ԱԱԻ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փոխնախարարն անդրադարձել է ոլորտում կատարված բարեփոխումներին՝ առանձնացնելով լսողության խանգարումների վաղ հայտնաբերման, վիրահատական միջամտության ծրագրերը: Անդրադարձել է նաև սքրինինգային նոր մեթոդների և ժամանակակից սարքավորումների մարզային հասանելիության հարցերին:
Քննարկվել են լսողության խանգարումների կանխարգելման, վաղ ախտորոշման, համալիր բժշկական, սոցիալական և մանկավարժական վերականգնման խնդիրները: