Իր անչափահաս երեխային ծեծած ու նվաստացրած 34-ամյա Աննա Արևշատյանը ձերբակալվել է: Վաղ առավոտից համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է կինը բռնության ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին ներգրավում, որպեսզի նվաստացնեն դստերն ու այդ ամենը տեսանկարահանում:
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 4 հոդվածներով՝ առանձին դաժանությամբ ֆիզիական ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք պատճառելու, պոռնկագրական նյութեր տարածելու, երեխային պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու հետ կապված գործողութուններ կատարելուն ներգրավելու հատկանիշներով:
34-ամյա կինը ծնունդով Գավառից է, 5 անչափահասի մայր:
Գրիգոր Դաշտոյան (Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Ընտանիքը Գավառ է տեղափոխվել 2019 թվականի ընթացքում: Տեղափոխվելուց հետո մեր համայնքապետարանի սոցիալական աշխատողները պարբերաբար այցելություններ են կատարել և նաև պարբերաբար ընտանիքին տրամադրվել են աջակցություններ՝ մասնավորապես սնունդ, հգիենայի պարագաներ նաև մեր այցերի ժամանակ սոցիալական աշխատողը արձանագրել է, որ բավականին ուշադիր է մայրը երեխաների նկատմամբ, բավականին մաքուր են հագնված:
Աննա Արևշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադոյանը կալանավորված է 2022 թվականից, մեղադրվում է իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Այս գործի վերաբերյալ տվյալները սահմանափակ են: Դատաքննությունը դեռ շարունակվում է: Ըստ համայնքապետի տեղակալի՝ այդ դեպքից հետո թե կնոջ, թե երեխաների հետ հոգեբաններ են աշխատել:
«Դեպքից հետո զուգադիպել է այն հատվածին, որ իրենք տեղափոխվել են Երևան, այդ ընթացքում նաև ՀՕՖ-ում են գրանցվել, համապատասխան մասնագետները փորձել են աշխատանք տանել երեխաների հետ, հոգեբաններ են աշխատել, նաև այստեղ են հոգեբաններ են աշխատել»:
2017-ին մեղադրյալի կարգավիճակ է ունեցել նաև կինը՝ կալանավորվել սուտ մատնության համար, դատապարտվել 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք էր համարել, որ նրա խնամքին են անչափահաս երեխաներ:
5 երեխաներից 3-ը մինչև ուսումնական տարվա ավարտը սովորել են Գավառի Իսահակյանի անվան համար 4 հիմնական դպրոցում:
Մոր կողմից բռնության ենթարկված անչափահաս աղջնակի դասղեկը նայել է տեսանյութն ու ցնցվել, ասում է նախորդ ամիս է տեսել, թե մորը, թե երեխային, երբ դասարանով էքսկուրսիայի են գնացել:
«Ծանոթ եմ 4-րդ դասարանից, դասղեկություն եմ արել. արդեն 2 տարին ա: Ես երբևիցե վատ բան չեմ նկատել, ոչ երեխայից. ոչ էլ՝ մամայից, բայց մայրը պատրաստ միշտ ինչ եղել ա, առաջինը ինքը դպրոցում երեխայի կողքին, հեռախոսով միշտ կապի մեջ եղել ա, 5 րոպե էլ ուշացելա զանգել ա»:
Դասղեկ Անուշ Մխիկյանը նշում է՝ աղջիկը երբեք չի ասել, որ բռնության է ենթարկվել:
Ասաց՝ նախորդ տարիների համեմատ այս տարի աղջիկն ավելի լավ էր սովորում, խմբակների էր հաճախում:
Շուշան Պապոյանն էլ հոր կողմից բռնության ենթարկված երեխային է դասավանդել:
Շուշան Պապոյան (Դասվար) - Երբ հոր հետ կապված դեպքը տեղի ունեցավ, այս երեխային տարան Երևան հոգեբանական կենտրոն, ոչ մի արտառոց բան դասարանում չի եղել, մենք ճանապարհել ենք շատ լավ, ընդունել ենք շատ լավ, դե հիմա ինչ աներ էդ երեխան:
Դեպքից հետո, սակայն, բողոքել են աշակերտների ծնողները, պահանջել հեռացնել երեխային դպրոցից:
Պապոյանն ասաց՝ այս տարի պետք է ընտանիքի 4-րդ զավակն էլ հաճախեր դպրոց, բայց մայիսի վերջին մայրը երեխաների գործերը վերցրել է այս դպրոցից:
«Ասեց ես գնում եմ Երևան, ընտանիքս տեղափոխում եմ Երևան էնտեղ աշխատանք կա ստաբիլ, խանութում պետք է աշխատեմ և ինձ թվում ա՝ էնտեղ ավելի լավ կլինի, էս միջավայրից հեռանամ ես, որովհետև ես հիմա ոնց որ ճիշտ ա մարդիկ ոչ մի բան չեն ասում, բայց ես ես ճնշմանը չեմ դիմանում, սա եղել ա մեր վերջին խոսկակցությունը մայիսի վերջին»:
Ընտանիքը Գավառում պարբերաբար նաև փոխել է բնակության հասցեն, նոր վայրում հաշվառվել, որ սոցիալական աջակցություն ստանան: Ըստ ոստիկանության՝ բռնության ենթարկված աղջկա դեպքը տեղի է ունեցել Գավառում:
Հենց այս բնակարանում է ընտանիքը վարձով ապրել, մինչև Երևան տեղափոխվելը: Հարևանները կամ հրաժարվում էին խոսել կամ էլ նշում էին՝ տեղյակ չեն: Ծեծի ձայներ չեն լսել անգամ մի քանի մետր հեռավորության վրա ապրողները:
5 անչափահաս երեխաներն այժմ իրավապահների հսկողության ներքո են, նրանք ըստ ամենայնի շուտով կտեղափոխվեն Հայ օգնության ֆոնդ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան