Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ անցկացվեց «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբով մրցաշարում կանայք հաղթահարեցին 1000, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը: Ընդհանուր մասնակիցների թիվը 141 էր: Մրցաշարը այս անգամ միջազգայնացվել է. մասնակցել կարող էին նաև օտարերկրացիները. միակ սահմանափակումն այն էր, որ մասնակիցը պետք է ընդգրկված չլինի լողի միջազգային սանդղակում և վերջին 5 տարվա ընթացքում մասնակցած չլինի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:
Մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով`18-ից 40 տարեկան կանայք ու տղամարդիկ, և 41 ու բարձր տարիքի: Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները համապատասխանաբար արժանացան դրամական պարգևների. առաջին տեղը` 1 մլն դրամ, 2-րդը` կես մլն, 3-րդ տեղը` 300 հազար, 4-րդը` 100 հազար, իսկ 5-ից 10-րդ տեղերը՝ 50 հազարական դրամ: 41 և ավելի բարձր տարիքային խմբում կանանց առաջատարը՝ Սրբուհի Վարդանյանն է Երևանից: Նույն տարիքային խմբի տղամարդկանցից առաջին տեղը զբաղեցրել է՝ Անդրանիկ Խաչատրյանը՝ դարձյալ Երևանից: 18-ից 40 տարեկանների կանանց առաջատարը Անահիտ Բարսեղյանն է՝ Երևանից: Իսկ նույն տարիքային խմբի տղամարդկանց հաղթողը Աբովյանից Մկրտիչ Ոսկանյանն է, որին պարգևատրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մրցանակաբաշխությունից հետո վարչապետն ընդգծեց, որ մրցաշարի կարևոր նպատակներից մեկը նաև Շողակաթի ափը զբոսաշրջիկներին ավելի տեսանելի դարձնելն է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս ափը, կարծում եմ, իսկապես շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար, նաև մենք ուզում ենք այն գրավիչ դարձնել ներդրումների համար, որպեսզի նոր ձևաչափի և ներդրումային նոր կուլտուրա ձևավորենք նաև Սևանա լճի ափին:
Ինչ վերաբերում է մրցանակակիրներին, որոնց մեծ մասը Երևանն է ներկայացնում, երկրի ղեկավարը նկատեց, որ աշխարհագրությունը փոքր է եղել:
Նիկոլ Փաշինյան - Նախարարի հետ դա էինք խոսում, որ դա մի բանի մասին է վկայում՝ ընդամենը հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքի, լողավազանների բացակայության մասին, և ես ուզում եմ նաև այս ամբիոնից հիշեցնել մեզ, տիկին նախարարին, բոլորին, որ մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել, որն է՝ հանրապետության բոլոր խոշորացված համայնքներում առաջին փուլով մարզական կենտրոններ ստեղծել, որը կներառի մարզադպրոց, ֆիթնես կենտրոն մեծահասակների համար և անպայման լողավազան: Մենք առաջինը խոստացել ենք Եղեգնաձոր խոշորացված համայնքին, երկրորդը Բերդ խոշորացված համայնքին:
Խրախուսական մրցանակներ հանձնվեցին նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին՝ 71-ամյա Հասմիկ Գաբրիելյանին և 82-ամյա Հակոբ Թութունջյանին:
Հեղինակ `Նիկոլայ Ավետիսյան