Հայաստանը մտահոգված է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման առնչությամբ։ Նշված է Կիպրոսում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Նշեմ, որ երեկ Կիպրոսի թուրքական հատվածի ներկայացուցիչները հարձակվել էին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա, վնասել առաքելության փոխադրամիջոցները:
ԿԻԵՎԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ՀԱՂՈՐԴԵԼ ԵՆ ՀՐԹԻՌԱԿՈԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանի վրա հարձակում իրականացնելու համար: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱԹՍ-ն խոցվել է հրաձգային զենքերից։ «Ահաբեկչության հետևանքով օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել օդանավերի կայանատեղիում, որն օպերատիվ կերպով վերացրել են հրշեջ հաշվարկները»,- նշել են նախարարությունից, հավելել՝ վնասվել է մեկ ինքնաթիռ: Նշվում է, որ տուժածներ չկան:
Ռուսաստանի ՊՆ նաև հայտնել է , որ Ուկրաինան այս գիշեր Ղրիմի վրա նույնպես հարձակման փորձ է ձեռնարկել։ Աղբյուրը նշել է, որ կղզու տարածք է արձակվել հարվածային տարբերակի վերածված С-200 ՀՕՊ համակարգի զենիթային հրթիռ։ Այն ժամանակին հայտնաբերել և խոցել է ռուսական ՀՕՊ-ը։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել, որում երևում են Չեռնիգով քաղաքին այսօր հասցված հրթիռային հարվածի հետևանքները: Տուժածների թիվը հասնում է 42-ի, այդ թվում՝ 11 երեխա: Հաղորդվել է 6 մարդու զոհվելու մասին: Հարվածի հետևանքով վնասվել է դրամատիկական թատրոնի տանիքը, հրդեհ է բռնկվել։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են նաև Կիևի Սվյատոշինսկի շրջանում պայթյունի մասին։ Տեղի բնակիչները երկնքում սև ծուխ են նկատել: Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ պայթյունները որոտացել են արդյունաբերական գոտում։ Նրա խոսքով՝ դրանց պատճառը դեռ հայտնի չէ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են Կիևի շրջանում հրթիռային հարձակման վտանգի մասին:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵԱՏՄ-Ի ԵՎ ՀԱՊԿ-Ի ՎՐԱ. ԼԱՎՐՈՎ
ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գործընկերների նկատմամբ հսկայական ճնշում է գործադրվում Ռուսաստանի համար ոչ բարեկամական պետությունների կողմից։ Այդ մասին Международная жизнь ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կանոնավոր են դարձել արևմտյան մայրաքաղաքներից բարձրաստիճան պաշտոնյաների այցերը նրանց մոտ՝ ոչ լեգիտիմ հակառուսական պատժամիջոցների շրջանցմանը հակազդելու հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է Լավրովը: Նա նաև հավելել է՝ Արևմուտքը փորձում է ստիպել Ռուսաստանի դաշնակիցներին՝ հրաժարվել Մոսկվայի հետ համագործակցությունից։
Միևնույն ժամանակ ՌԴ գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ առկա առևտրատնտեսական փոխադարձ պարտավորությունները շարունակում են կատարվել, «քանի որ բխում են կողմերի շահերից և չեն խախտում միջազգային իրավունքը»։
Լավրովն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և նշել, որ մեծացել է Արևմուտքի հետաքրքրությունը կազմակերպության անդամ երկրների նկատմամբ:
«Վստահ ենք, որ մեր դաշնակիցները քննադատաբար են մոտենում իրենց երկրների նկատմամբ վերջին շրջանում Արևմուտքի մեծացած ուշադրությանը և թույլ չեն տա իրենց ներգրավումը ռազմաքաղաքական լարվածության սրմանն ուղղված ծրագրերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂ-ՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ՆԻԳԵՐՈՒՄ
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան և Չինաստանի նրա գործընկեր Վան Ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում: Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ Կոլոննան ընդգծել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության դադարեցման, ինչպես նաև դրա հետևանքների, հատկապես՝ պարենային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում: