Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորումը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ ապահովելով մարդկանց և ապրանքների ազատ երկկողմ տեղաշարժը։ Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը անտանելի իրավիճակի և մարդասիրական ճգնաժամի է հանգեցրել։
ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԼՂ. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ: «Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- նշված է հայտարարության մեջ:
Կոմիտեից հիշեցրել են՝ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ մարդասիրական միակ կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար: ԿԽՄԿ-ից նաև նշել են, որ իրենց միջոցով մինչ այս պահը հարյուրավոր հիվանդներ են տեղափոխվել Հայաստան՝ բուժումը շարունակելու նպատակով, տոննաներով մարդասիրական օգնություն է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵԱՏՄ-Ի ԵՎ ՀԱՊԿ-Ի ՎՐԱ. ԼԱՎՐՈՎ
ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գործընկերների նկատմամբ հսկայական ճնշում է գործադրվում Ռուսաստանի համար ոչ բարեկամական պետությունների կողմից։ Այդ մասին Международная жизнь ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կանոնավոր են դարձել արևմտյան մայրաքաղաքներից բարձրաստիճան պաշտոնյաների այցերը նրանց մոտ՝ ոչ լեգիտիմ հակառուսական պատժամիջոցների շրջանցմանը հակազդելու հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է Լավրովը: Նա նաև հավելել է՝ Արևմուտքը փորձում է ստիպել Ռուսաստանի դաշնակիցներին՝ հրաժարվել Մոսկվայի հետ համագործակցությունից։
Միևնույն ժամանակ ՌԴ գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ առկա առևտրատնտեսական փոխադարձ պարտավորությունները շարունակում են կատարվել, «քանի որ բխում են կողմերի շահերից և չեն խախտում միջազգային իրավունքը»։
Լավրովն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և նշել, որ մեծացել է Արևմուտքի հետաքրքրությունը կազմակերպության անդամ երկրների նկատմամբ: «Վստահ ենք, որ մեր դաշնակիցները քննադատաբար են մոտենում իրենց երկրների նկատմամբ վերջին շրջանում Արևմուտքի մեծացած ուշադրությանը և թույլ չեն տա իրենց ներգրավումը ռազմաքաղաքական լարվածության սրմանն ուղղված ծրագրերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂ-ՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ՆԻԳԵՐՈՒՄ
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան և Չինաստանի իր գործընկեր Վան Ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում: Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ Կոլոննան ընդգծել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության դադարեցման, ինչպես նաև դրա հետևանքների, հատկապես՝ պարենային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում: