Մայրաքաղաքային իշխանություն ձևավորելու համար պայքարին կմասնակցեն 13 կուսակցություն և մեկ դաշինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերի ցուցակները: Միայն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակից մեկ անձ ինքնաբացարկ է ներկայացրել:
Սիլվա Մարկոսյան (ԿԸՀ անդամ) - Ընտրությունը կազմակերպող հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել, ցուցակներում խնդիրներ չի հայտնաբերել:
Ավագանու ընտրությանը մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարներն ինքնըստինքյան համարվում են նաև քաղաքապետի թեկնածու: Երևանի 14-րդ քաղաքապետ դառնալու համար կպայքարեն կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ընտրապայքարին կմիանա «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, նորաստեղծ «Հաղթանակ» կուսակցությամբ ընտրապայքարի կգնա Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Գործադիր և օրենսդիր իշխանության նախկին ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն է, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը՝ «Հանրապետություն» կուսակցության, «Լուսավոր Հայաստանը» Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորության կպայքարի: «Ուժը հայրենյաց» կուսակցությունը կառաջնորդի արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կգլխավորի կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: Առաջադրված ուժերից են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որի առաջին համարն Արման Ղուկասյանն է, «Արդար Հայաստանը»՝ Նորայր Նորիկյանի առաջնորդությամբ, Երվանդ Թարվերդյանի առաջնորդությամբ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը: «Ժողովրդավարական համախմբում» կուսացությունը ՏԻՄ ընտրությանը կմասնակցի Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ: Քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնել նաև «Հանրային ձայն» կուսակցությունը՝ նախագահ Արտակ Գալստյանի գլխավորությամբ, որը ձերբակալված է առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ դաշինքը «Մայր Հայաստանն» է, որի կազմում Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» և Մանուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններն են: Դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, որն արդեն իսկ հրաժարվել է մանդատից:
Բոլոր ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների թիվը 807 է, ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ առաջադրման փաստաթղթերը ստանալուց հետո գրությամբ դիմել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ խնդրելով պարզել՝ առաջադրված թեկնածուներին տրամարդվել է համապատասան անվանական տեղեկանք՝ վերջին վեց ամսում Երևանում բնակվելու մասին:
Վահագն Հովակիմյան (ԿԸՀ նախագահ) - Նման քայլի դիմելու պատճառն այն էր, որ 21 թվականին եղել է դեպք, որ ԿԸՀ պատգամավորության թեկնածու էր գրանցվել և միայն դրանից հետո պարզվել, որ տեղեկանքը կեղծված է։
Թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիրը»՝ 181 հոգի, հաջորդն «Ապրելու երկիրն» է՝ 129 հոգանոց ցուցակով, մյուս ուժերի ցուցակները հարյուրի չեն հասնում, որոշներինը օրենքով պահանջված նվազագույն 24-ն է:
Պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին: Ավագանու անցողիկ շեմը կուսակցությունների համար 4 տոկոս է, իսկ դաշինքի համար՝ 6: Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հետուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի և արտաքին գովազդային վահանակների վիճակահանությունը տեղի կունենա ԿԸՀ օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։
Հեղինակ՝ Անի Օհանյան