Նոր տնտեսական իրողությունները եվրոպացիներին դարձրել են ավելի աղքատ, ամերիկացիներին՝ ավելի հարուստ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալները վկայակոչելով՝ նման եզրահանգում է արել Ուոլ Սթրիթ Ջորնալը: Ըստ պարբերականի՝ 2019-ից ի վեր եվրոգոտում գնողունակությունը նվազել է 1, մինչդեռ ԱՄՆ-ում աճել է 9%-ով՝ աշխատաշուկայի և եկամուտների աճի շնորհիվ։ Այժմ Եվրոպային բաժին է ընկնում համաշխարհային սպառման 18%-ը, իսկ ԱՄՆ-ին՝ 28%-ը, այնինչ 15 տարի առաջ այդ ցուցանիշները հավասար էին։ Նշվում է, որ 2019-ից հետո եվրոպացիների գնողունակության վրա բացասաբար է ազդում աշխատավարձի անկումը, այնինչ ամերիկացիների դեպքում այն աճել է 6%-ով։ 2022 թվականին ԱՄՆ-ում միջին տարեկան աշխատավարձը կազմել է շուրջ 77.5 հազար, Գերմանիայում 58.9 հազար, Մեծ Բրիտանիայում՝ 54 հազար, Ֆրանսիայում՝ 52.8 հազար դոլար: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն կարողացել է տարիների ընթացքում տնտեսական այնպիսի հակակշիռներ ստեղծել, որոնք նպաստել են բարձր դիմադրողականությանը: Դրա վառ օրինակը, ըստ տնտեսագետ Հայկ Բեջանյանի, ռուս-ուկրաինական հակամարտությունն է և դրա հետևանքով առաջացած խնդիրները:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - ԱՄՆ-ը կարողացավ արտաքին աշխարհի այլ գործընկերների հակակշռել և հնարավորինս քիչ կորուստներ ունենալ, մինչդեռ այն սանկցիաները, որոնք սկսեցին կիրառել ՌԴ-ի դեմ, առաջին հերթին սկսեցին լուրջ վնաս հասցնել եվրոպական տնտեսությանը, ինչը զուգորդվեց գների բարձր աճով, դրան զուգահեռ տնտեսական աճի դանդաղումներով և արտադրական հնարավորությունների նվազումներով, և այս խնդիրը մինչև այսօր հնարավոր չի եղել մինչև վերջ լուծել:
Հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամին՝ պարբերականը նշել է, որ եվրոգոտու տնտեսությունը վերջին 15 տարում աճել է 6, իսկ Միացյալ Նահանգներինը՝ 82%-ով, ինչը միջին եվրոպական տարածաշրջանն ավելի աղքատ է դարձնում, քան ԱՄՆ-ի ցանկացած նահանգ, բացառությամբ՝ Այդահոյի և Միսիսիպիի: 2008-ին եվրոգոտու և ԱՄՆ-ի ՀՆԱ-ն գրեթե համադրելի էր 14.2 և 14.7 տրլն դոլար, 2023-ին մոտ 26.9 տրլն ԱՄՆ-ի, և 15.1 տրիլիոն Եվրոգոտու դեպքում:
Հայկ Բեջանյան - Քանի որ վերջին 2 տասնամյակը բավականին լի էին տնտեսական ցնցումներով՝ սկսած 2008-ի ճգնաժամից, այս կտրուկ ցնցումները թույլ տվեցին ԱՄՆ-ին ավելի առաջ անցնել իր տնտեսական զարգացումներով, քան եվրոպական տարածաշրջանի հիմնական երկրները:
Ցանկացած անկման փուլում Եվրոպան ունեցել է ավելի մեծ կորուստներ, ԱՄՆ-ը կարողացել է ավելի փոքր կորուստներով դուրս գալ:
Սովորաբար նման իրողություններում աճի ավելի մեծ հնարավորություն ունեն թույլ զարգացած տնտեսությունները՝ ընդգծում է փորձագետը, հավելում, այնուամենայնիվ, դա նույնպես կարճաժամկետ է:
Հայկ Բեջանյան - Զարգացած երկրների կենսամակարդակին հասնելու համար այդ երկրները դեռևս բավական ճանապարհ պետք է անցնեն, և մեկ-երկու տասնամյակը բավարար չէ, որ հասնեն մնացած երկրների զարգացման մակարդակին: Դրա համար, թեև կարճաժամկետում էդ երկրներն ավելի լավ հնարավորություններ են ստանում, բայց կայուն զարգացման հեռանկարի առումով մյուս երկրները, առաջատար երկրները շարունակում են լիդերի դեր խաղալ:
Քաղաքական տնտեսության եվրոպական միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ եթե այս միտումը շարունակվի, 2035-ին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև մեկ շնչին հասնող արտադրանքի տարբերությունը այնքան մեծ կլինի, որքան, օրինակ, Ճապոնիայի և Էկվադորի միջև է: Խոսքը ավելի քան 3 անգամի մասին է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան