Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք, և հաջորդ տարի մեր երկրում կանցկացվի մեծ համաժողով։ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ ընտրվել է խորհրդի նախագահ։
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Սպորտային մայրաքաղաքը չի ենթադրում անպայման սպորտային միջոցառում, սպորտային միջոցառումը դա ԱՊՀ մարզական խաղերն են, դա ենթադրում է համաժողով և իր բոլոր էսպես հարակից գործողություններով՝ ցուցադրություն, մարզադահլիճների այցելություն, հնարավորությունների բացահայտում, ինչու չէ, եթե ունի բազա, հետագայում այդ երկրներից ուսումնամարզական հավաքների ժամանում և այլն:
Սովորաբար խորհրդի նիստերի ընթացքում երկրները առաջարկում են, թե իրենց որ քաղաքը կարող է հավակնել նման կոչման, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքն ունենա սպորտային ավանդույթներ: Թե ինչու է ընտրվել հենց Գյումրին, փոխնախարարը պարզաբանում է:
Կարեն Գիլոյան - Երբ որ մենք ներկայացրինք Գյումրին իր մարզական ավանդույթներով, հասկանալի դարձավ, որ դժվար թե ինքը ունենա էսպես մրցակից, ու միաձայն ընտրվեց որպես սպորտային քաղաք, // համաժողով՝ նախարարների ու փոխնախարարների մասնակցությամբ, որտեղ բոլորը ներկայացնում են իրենց երկրների սպորտային կյանքը, միջոցառումները, ձեռք բերումները, նվաճումները և համագործակցության եզրեր են փնտրում, համագործակցում են ուսումնամարզական հավաքներով, մարզչական ու մրցավարական սեմինարներով, զանազան ծրագրերով և ի վերջո, ԱՊՀ խաղերով:
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի համաժողովը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Կժամանեն ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչներ: Սա կխթանի Գյումրիում սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը:
Կարեն Գիլոյան - Մենք բյուջեով նախատեսված գումար ունենք՝ հրավիրելու համար հյուրերին, մենք պիտի հրավիրենք՝ ապահովելով հյուրերին գիշերակաց և սնունդ իրենք իրենց միջոցներով են գալիս, մենք մնացածը ապահովում ենք, նաև մշակութային ծրագիր է ներառված, մեկ օր էլ մենք կփորձենք մշակութային ինչ-որ բան ցույց տալ, կդիմավորենք Երևանում, Երևանից կմեկնենք Գյումրի, այնտեղ կանցկացնենք համաժողովը, Գյումրին ցույց կտանք մեր հյուրերին:
Թե որքան գումար կպահանջվի, դեռ հստակեցված չէ: Ի դեպ, օրեր առաջ անցկացված ԱՊՀ երկրորդ խաղերում, որն անցկացվեց Բելառուսում, Հայաստանի պատվիրակները նվաճեցին ութ մեդալ, որոնցից երկուսը ոսկե, երկուսը արծաթե և չորսը բրոնզե:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան