Հայաստանում հավաքված 8 ավտոմեքենայից մեկն է՝ հանրության շրջանում արդեն հայտնի դարձած «Սեպուհ-1»-ը՝ հարավկորեական պահեստամասերով: Դեռ 2 մոդել են արտադրել, ևս 2-ը արտադրելու են, նախատեսում են նաև էլեկտրական: Այս մեքենան կոնկրետ ունի 1,6 հզորության շարժիչ, անունը` «Թիվուլի»:
Րաֆֆիկ Թորոսյան («Սեպուհ 1» ընկերության ներկայացուցիչ) - Այս պահին արտադրված է թիվուլի և ռեքստոն: Մարդատար են, ռեքստոնը ամենագնաց է, 7 տեղանոց, ֆուլ տարբերակ է: Մյուսները քորանդո և Էորես մոդելները: Այդ 2 մոդելն էլ լինելու են ամենագնաց:
Ալբերտ Բաբայան (Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն) - Կարելի է ասել, որ ԽՍՀՄ-ից հետո սա առաջին դեպքն է, որ Հայաստանում արտադրվում է մեքենա և կանգնում հաշվառման:
Սեփականատեր, հայազգի Ջանեզ Ավետյանը մանրամասնում է՝ «Սեպուհ-1»-ը ընկերության, ոչ թե մեքենաների անունն է:
Ջանեզ Ավետյան («Սեպուհ-1» ընկերության սեփականատեր) - Մենք SsangYong Պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում, և նույն որակի հսկողությունն է գործարկվում, ինչ SsangYong անում է իր մյուս երկրների գործարաններում:
Այսինքն՝ մեքենաները սերիական արտադրության դեպքում էլ ոչ թե արտադրվելու, այլ հավաքվելու են Հայաստանում, հետագայում գուցե որոշ մասեր էլ հենց Հայաստանում արտադրեն:
Ալբերտ Բաբայան - Մեզ հայտնի շատ արտադրողներ նույն մեթոդով իրականացնում են մեքենաների արտադրություն, խոշոր հանգույցները բերում են տվյալ երկրի արտադրամաս ու հավաքում:
Բացատրում է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենը։ Պատմում՝ այսպիսի արտադրություն հիմնելու մասին քննարկումները 2019-ից են սկսվել:
2020-ին սեփականատերն առաջարկել է, որ մեքենաները սերտիֆիկատներ ստանան առանց օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի կահավորվման, ինչը պարտադիր պայման է ԵԱՏՄ շուկայի դեպքում: Այդ համակարգը ենթադրում է, որ վթարի կամ վարորդի վատ զգալու դեպքում ահազանգ է գնալու ճգնաժամային կառավարման կենտրոն: Սեփականատերը մանրամասնում է՝ Եվրոպական վերջին ստանդարտներին համապատասխան արդեն իսկ տարբեր փորձարկումներ անցել են մեքենաները:
Ջանեզ Ավետյան - Եվ այն լաբորատորիաների միջոցով, որոնցով թեստավորում են «Տոյոտան», «Ֆորդը» և այլն, քրաշ թեստի սերտիֆիկատ ևս ստացել են, բայց Հայաստանում գործադրվում է ԵԱՏՄ ստանդարտը, և այդ մյուս թեստը չի ընդունվում:
ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան համակարգերի տեղադրումը այնքան էլ ծախսատար չէ, բայց այդ համակարգի տեղադրումից հետո 3 մեքենա պետք է ուղարկել Ռուսաստան թեստավորման՝ պատին հարվածելու, կողքից հարված ստանալու և երրորդն էլ ձորը՝ գլորվելու համար: Այսինքն՝ 3 նոր մեքենա վերածվելու է ջարդոնի:
Ջանեզ Ավետյան - Մեզ համար ֆինանսապես դա դժվար է, քանի որ նվազագույնը 300 000 դոլար կլինի:
2021-ին էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխությամբ Հայաստանում եզակի օրինակով արտադրված մեքենաներին առանց այդ համակարգերի փորձաքննության հնարավորություն տրվեց պետական հաշվառման անցնելու, սերտիֆիկացնել:
Ալբերտ Բաբայան - 2022-ին կառավարության օժանդակությամբ արդեն ԵԱՏՄ մակարդակում նման որոշում կայացվեց, և բացառապես իրենց տարածքում անդամ երկրներին հնարավորություն տրվեց սերտիֆիկացնել առանց այդ փորձարկումների: Որոշումից հետո սերտիֆիկացրեց 4, 2023-ին՝ ևս 4 մեքենա:
Այսինքն՝ այս մեքենաները նախատեսված են բացառապես Հայաստանի շուկայում վաճառքի համար, քանի որ ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ՝ այդ արտոնությունը տրամադրվել է միայն տվյալ երկրի տարածքում օգտագործելու, վաճառելու համար: Արտոնությունը տրամադրված է մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը: Ընկերությունը, սակայն, արտահանման պլաններ ևս ունի: Եվ եթե ունենա այդ հնարավորությունը, վաղվանից արդեն կարող է սկսել սերիական արտադրություն:
Ամեն անցնող օրը վնաս է ընկերության համար՝ ավելացնում է սեփականատերը:
Ջանեզ Ավետյան - Մեկ աշխատնքային օրվա ընթացքում կարող ենք արտադրել 4 հատ տիվուի, կամ 2 հատ մյուս ամենագնացից:
Րաֆֆիկ Թորոսյան («Սեպուհ 1» ընկերության ներկայացուցիչ) - Կախված է՝ ինչքան աշխատող կունենանք:
Հիմա աշխատակիցները իրանցի են, սերիական արտադրություն սկսելու դեպքում նոր մասնագետների կարիք կլինի: Նախատեսում են հայաստանցիների ընդգրկել մասնագիտական դասընթաց անցնելուց հետո: Թե ինչքան կարժենա մեքենան՝ դեռ չգիտեն:
Րաֆֆիկ Թորոսյան - Պետք է հանեն մաքսայինը, շիփինգը պետք է հանեն մանրամասն:
Բարձր որակի ֆունկցիաներ ունի, էկրան, հետևի սենսորներ, տեսախցիկ, նաև կողքերն են ազդանշան տալիս, եթե անգամ գծերից ես դուրս գալիս:
Շարժիչն ու փոխանցման տուփն են, ճապոնական է, «Տոյոտայի» համար արտադրում է, նույնը մեզ համար է:
Չնայած արդեն պատրաստ 8 մեքենան էլ սպիտակ է, բայց գույների հարցում ևս ունեն արդեն տարբերակներ:
Րաֆֆիկ Թորոսյան - Սև, սպիտակ, կապույտ, մետալիկ, մոխրագույն, մարգարիտ:
Ավտոարտադրող գործարանը Նոր Նորքում է, արտադրության համար տարածքային խնդիր հիմա չունեն: Սեփականատերը ոլորտում նորեկ չէ, նաև Իրանում ունի գործարան:
Ի դեպ, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը 2018-ից հետո 5 կազմակերպության է տրամադրել մեքենաների հաշավռման և նույնականացման կոդ, բայց միայն «Սեպուհն» է, որ անցել է համապատասխանության գնահատման գործընթաց:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան