Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամով՝ նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը մի քանի ամսվա ընթացքում հանգեցրել է անտանելի իրավիճակի և հումանիտար ճգնաժամի: Հայաստանից սննդամթերքի, դեղորայքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման բացակայությունն արագորեն հանգեցնում է տարածաշրջանում սովի և հումանիտար աղետի:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման Ադրբեջանի քաղաքականությունը, 2023 թվականի հունվարի 9-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանից սնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի աշխատանքի դադարեցումը, 2023 թվականի մարտի 21-ից գազի մատակարարման դադարեցումը և ավելին՝ 2023 թվականի հունիսի 15-ից լիակատար շրջափակումն աղետալի ազդեցություն են ունենում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության կենսապայմանների վրա:
Նշում ենք, որ 2023 թվականի հունիսի 15-ից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նախկինում իրականացված պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները դադարեցվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Այդ շարունակական շրջափակումը խախտում է Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած՝ իրավաբանորեն պարտադիր որոշումները:
Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև խստորեն մտահոգված է միջազգային հեղինակավոր փորձագետների և համապատասխան ինստիտուտների կողմից հնչեցված՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանության վերահաս վտանգի մասին հաղորդագրություններով և նախազգուշացումներով, ինչպիսիք են Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Սոցիալիստական ինտերնացիոնալը կոչ է անում Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու համար մարդկանց և բեռների փոխադրումը երկու ուղղություններով՝ իր միջազգային պարտավորություններին և միջազգային դատարանների ընդունած՝ իրավաբանորեն պարտադիր որոշումներին համապատասխան: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին՝ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորումն ապահովելու համար:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ակտիվացնել Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու կոչով Ադրբեջանի իշխանություններին դիմելու ջանքերը»,- նշված է հայտարարության մեջ: