Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավել չվերթ է իրականացվել։
Այն ժամանակ թռիչքների մոտեցման և վայրէջքի, ինչպես նաև վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։ Այդ մասին ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Ֆեյսբուքի էջում։
«Սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:
Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել:
Նշենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, ՆովԷյր ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան Կապան Երևան երթուղով»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթից կլինեն կանոնավոր չվերթներ:
Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձն Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։