Արթուր Սնդեյան (Դեղձուտի դպրոցի աշակերտ) - Գույքը բերել են, որ պետք է տեղադրեն դասարաններում:
Արթուր Սնդեյանն էր վարչապետին ահազանգել Արարատի մարզի Դեղձուտի նորակառույց դպրոցի խնդիրների վերաբերյալ: Դասընկերների հետ հաճախ են եկել դպրոց, հետևել շինարարությանը: Աշակերտները, կիրակնօրյա դպրոցի շրջանակում, Երևան էին եկել՝ զբոսնելու, պատահաբար հանդիպել են վարչապետին:
Արթուր Սնդեյան - Նա մեզ հարցրեց՝ դպրոցը հանձնե՞լ են, թե՞ ոչ. պատասխանեցինք, որ հանձնել են, բայց գույքը դեռ չեն բերել դպրոց:
Արթուրի ահազանգի հետքերով վարչապետը նախ հասավ Դեղձուտ, ապա հարցը մտավ Կառավարության նիստի օրակարգ: Վարչապետը հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Գնացի, տեղում համոզվեցի, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ահագին բան էնպես չի: Շատ դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից, որերորդ անգամ եմ այցելում Դեղձուտի դպրոց, և այդ նախագծի ճակատագրից շատ բան է կախված, թե ինչ հետևություններ կանենք իրականացվող ծրագրերի վրա: Միլիարդներ ենք ծախսում, դա ծախսում ենք երեխաների համար: Եթե որևէ մեկը շեղվեց, արձագանքը կլինի կոպիտ: Որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի, ես չեմ ասելու՝ լավ, դե եկեք տեսնենք՝ ոնց ենք այս հարցը լուծում, պիտի գնանք, մենք մեր ձեռքով դպրոցը քանդենք մինչև հիմքերը և կառուցենք նորը:
Վարչապետը հանձնարարել էր Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին՝ շտկել խնդիրներն ու օգոստոսի 15-ին զեկուցել: Հենց նույն օրը կառույցի մամուլի քարտուղարը «Լուրերին» ասաց՝ հարցերին կպատասխանեն հանձնարարականի վերաբերյալ վարչապետին զեկուցելուց հետո: Դպրոցի տնօրենի խոսքով՝ շինաշխատանքներն ավարտվել են հունվարի վերջին, փետրվարին դպրոցն արդեն պետք է շահագործված լիներ:
Արմինե Կարապետյան (Դեղձուտի դպրոցի տնօրեն) - Չգործարկվելուց դռներն էին խնդիր առաջացրել, նկուղում խնդիրներ կային, անձրևների հետ կապված, լցվել էր նկուղ: Տեղափոխվել ենք, գույքը ստացանք, բերել ենք, տեղավորում ենք:
Դեղձուտի դպրոցում շինարարությունն ավարտվել է. սպասում են ավարտական ակտին, որ գոնե այս ուսումնական տարվանից դպրոցը բացի դռները: Դպրոցն այս պահին կահավորվում է: Դեղձուտի օրինակը վկայակոչելով՝ Նիկոլ Փաշինյանը գոհացուցիչ չէր համարել նաև դպրոցական գույքի չափանիշները: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ դրանք վերանայվել են:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Մատակարարի հետ հանդիպում է եղել, հանձնարարություն է տվել, որ խնդիրները, որ նկատելի են գույքի տեսքի, ֆունկցիոնալության հետ կապված, որ շտկվեն խնդիրները: Մշակվել է դպրոց, մանկապարտեզների օրինակելի գույքի ցանկ, մշակվել է յուրաքանչյուր կտորի տեխնիկական բնութագիրը, ինչը չափելի է դարձնում մրցութային պահանջները:
Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն 18 դպրոց, 60 նախադպրոցական հաստատություն և 26 մարզադահլիճ: «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ, դրամաշնորհային և սուբվենցիոն միջոցներով: Սվաջյանի խոսքով՝ հստակեցվել են կառուցվող, նորոգվող դպրոցների ցանկերը:
Արաքսիա Սվաջյան - Վեր են հանվել ամենավատ վիճակում գտնվող դպրոցները, տարբեր չափանիշներով են ընտրվել, Կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը վերլուծել է տվյալները: Բոլոր մարզերի մասով դպրոցների շինարարության մասին տեղեկատվությունը հաստատված է, շրջանառվում է Երևանի նախագիծը, որն առաջիկայում կհաստատվի:
Հայաստանի փոքր գյուղական համայնքներում կկառուցվի 84 կրթահամալիր: «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2026 թվականն է: