Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։
Երկօրյա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատուները, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։
Ներկայացնելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքները՝ նախարարի տեղեկալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում՝ թեև նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից։
Ըստ փոխնախարարի՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հայտարարվել էին դասագրքերի ստեղծման մրցույթներ, որոնք արդեն ամփոփվել են։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանի համար անհրաժեշտ դասագքրքերից մոտ տասը բացակայում են, քանի որ դրանց մի մասի համար հայտեր չեն ներկայացվել, իսկ որոշ դեպքերում ներկայացված հայտերը փորձագիտական դրական եզարակացություն չստանալու պատճառով չեն երաշխավորվել։
Ինչ վերաբերում է մյուս դասարաններին (2-րդ, 5-րդ, 7-րդ), ապա դրանց համար դասագրքերի հիմնական մասն արդեն երաշխավորվել է։
«Ինչպես գիտեք, դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացներն առանձնացված են, և բոլոր այն դասագրքերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, ներկայացվել են հրատարակման։ Այն առարկաները, որոնց համար նոր դասագրքեր դեռևս չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ նախորդ երկու-երեք տարիներին, երբ Տավուշում փորձարկվում էր նոր չափորոշիչը, ուսումնական նյութերն արդեն մշակվել էին։
Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, սակայն այս ուղղությամբ դեռևս կա հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն։ Այդ նպատակով առանձնացվել են մենթոր դպրոցներ, որոնք հանդես են գալու որպես աջակցություն ցուցաբերող կենտրոններ։
«Առնավազն առաջիկա մի քանի տարում մենք չափորոշչի ներդրման գործընթացում ենք գտնվելու։ Հաջորդ տարի հանրակրթության պետական չափորոշիչը կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում, իսկ հաջորդաբար արդեն մնացած դասարրաններում։ Հաշվի առնելով Տավուշի մարզում չափորոշչի ներդրման փորձը՝ ակնկալում ենք ունենալ դրական արդյունք, որի համար պատասխանատու և հետևողական աշխատանք պետք է կատարենք։ Հատկապես փորձարկվող դասարանները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում․ ուսուցիչը և աշակերտը պետք է անընդհատ զգան, որ պետության ուշադրության կենտրոնում են»,- նշել է նախարարի տեղակալը։
Նշվել է, որ չափորոշչի ներդրմանը զուգահեռ փոփոխություններ կլինեն դասարանների կոմպլեկտավորման, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման համակարգերում։ Այդ փոփոխությունները կիրառելի են միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների սովորողների և ուսուցիչների համար, որտեղ ներդրվում է նոր չափորոշիչը։ Մասնավորապես՝ 2-րդ դասարանում ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը կհաշվարկվի շաբաթական 18, իսկ 5-րդ և 7-րդ դասարաններում՝ 20 ժամ ծանրաբեռնվածությամբ։ Մյուս դասարաններում կշարունակի գործել շաբաթական 22 ժամ ծանրաբեռնվածության մոդելը, որը կփոփոխվի առաջիկա տարիներին՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ։
Արդեն հաստատվել են համապատասխան կարգերը, ըստ որի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան հավելավճար։ Պարզաբանելով խնդիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։ Ներկաները հարց են բարձրացրել՝ ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար սահմանված 25 տոկոս հավելավճարը արդյոք տարածվու՞մ է համատեղությամբ աշխատող մանկավարժների վրա։ Այս առնչությամբ պարզաբանվել է, որ համատեղությամբ աշխատելու դեպքում ևս հավելավճարը կիրառելի է։
ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման նպատակով մշակված բովանդակային նյութերն ու գործիքները, որոնք պետք է կիրառվեն դպրոցների կողմից չափորոշչի տեղայնացման ընթացքում։
Հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը ներկայացրել է իրավական ակտերում կատարված փոփոխությունները։
ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանն առնչվող պարզաբանումներ։
Այս համատեքստում քննարկվել են համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող խնդիրները․ նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխություններին, որի նախագիծն այժմ շրջանառվում է։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը ներկայացրել է ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող՝ խորհրդակցության օրակարգային մյուս հարցերը, այդ թվում՝ ատեստավորման և որակավորման տարակարգի, նախադպրոցական կրթության ոլորտի փոփոխությունների մասին և այլն։