Ճեմուղիներ, շատրվաններ, անցուղիներ, նստարաններ, հարակից տարածքում էլ՝ ավտոկայանատեղի. այսպիսի տեսք է ունենալու մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի այգին: «Ակտիվ քաղաքացի» հարթակում վերակառուցման նախագծեր էին ներկայացվել, որոնք, սակայն, բնակիչների կողմից հավանության չէին արժանացել: Կարծիքները հաշվի առնելով՝ վերջնական տարբերակն է որոշվել:
Գեղամ Կարապետյան (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - Շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա տասը օրվա ընթացքում, բյուջեն մոտավորապես 600 մլն դրամի չափով է, իսկ կոնկրետ որ կազմակերպությունը պետք ա անի, դա ևս հայտնի կլինի 10-15 օրվա ընթացքում:
Ժապավեններով ծառերը պահպանվելու են, մնացածը ենթակա են հատման: Թխկիներ, ուռենիներ, արծաթափայլ եղևնիներ. ընդհանուր տնկվելու է 59 ծառ:
Մոտ մեկ տարի առաջ էր քաղաքային իշխանությունը այս այգին բարեկարգելու ու կանաչապատելու որոշում կայացրել, որից հետո էլ տարածքում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանք սկսվեց:
Արմեն Բեգոյան (Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն) - Տեղի ա ունեցել ամբողջ տարածքի առևտրային գոտիներից, էդ խայտառակ կրպակներից մաքրում, որի արդյունքում նաև պարզ է դառել, որ նման անպատասխանատու տնտեսվարողների գործունեության արդյունքում կանաչ ֆոնդը զգալի վնաս է կրել, և հիմա տեղի ա ունենում նա, որ վերականգնվում ա ժամանակակից մի այգի:
Այգում նախագծի ներկայացմանը ներկա էին նաև Արաբկիր վարչական շրջանի բնակիչները: Բարձրաձայնում էին մտահոգությունները կանաչապատ տարածքի վերաբերյալ, նաև՝ առաջարկներ անում:
Այգու կանաչ տարածքից դուրս նախատեսվում է կառուցել երեխաների զարգացման կենտրոն, որի առաջին հարկում լինելու է սրճարան:
Բնակիչ - Չենք ուզում սրճարան, ոչ առաջին հարկում, ոչ փորած գետնահարկում, ոչ վերևի հարկում, շուրջբոլորը սրճարան են, լրիվ բավարար են:
Արմեն Բեգոյան - Այգու հիմնական կանաչ տարածքում սրճարան չի լինելու, սրճարանը լինելու է դեպի Մերգելյան այգու ամենավերջնական մասում, կանաչ տարածքից, էսպես եթե ասեմ՝ գրեթե դուրս, նոր դրանից հետո սկսվելու ա կանաչ տարածքը:
Այգու վերակառուցման վերջնաժամկետը դեռ հստակ չէ, պատասխանատուների խոսքով՝ պարզ կդառնա աշխատանքի մեկնարկից անմիջապես հետո:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան