Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները և Լեռնային Ղարաբաղում ահագնացող մարդասիրական ճգնաժամը:
Associated Press-ը հոդված է հրապարակել՝ ամփոփելով Երևանի պահանջով հրավիրված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը: Գործակալությունը հիշեցնում է, որ նիստում շատ երկրներ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մատնանշելով Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները կատարելու անհրաժեշտությունը:
Նիստից հետո Associated Press-ը զրուցել է Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ, Լաչինի միջանցքի հարցով հրավիրված քննարկումը նախագահողի հետ: Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է. «Կարևոր է, որ նիստի բոլոր մասնակիցները խիստ հայտարարություններ են արել Լաչինի միջանցքի վերաբացման հետ կապված»: Նրա խոսքով՝ դա նիստի հիմնական ձեռքբերումն էր:
BBC-ն ևս անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին և Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին՝ նշելով, որ այնտեղ առաջին անհրաժեշտության ապրանքները գրեթե սպառվել են, իսկ բնակչությունն աստիճանաբար մատնվում է սովի: Գործակալությունը մեջբերել է ԱԽ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, այն է՝ «տարածաշրջանում աղետի կանխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնական պարտավորությունն է»։
BBC-ն նաև հիշեցրել է՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով Կարմիր խաչը զրկվել է տարածաշրջան սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու հնարավորությունից:
Գործակալությունը գրել է, որ Ստեփանակերտում թերսնման հետևանքով արդեն մեկ մարդ է մահացել: «Սա հիմնականում հայերով բնակեցված տարածաշրջանում սովից մահվան առաջին դեպքն է», - նշել է բրիտանական լրատվամիջոցը:
Ամերիկյան Politico-ն էլ գրել է՝ Բայդենի վարչակազմը կարծես թե դանդաղում է Ադրբեջանին երկարաժամկետ ռազմական օգնության ծրագիրը վերսկսելու հարցում։ Պարբերականը նշում է. «Սպիտակ տան նման դիրքավորումը համընկնում է միջազգային հանրության մտահոգության հետ, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման համար»:
Պարբերականի հետ զրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ադրբեջանամետ գործիչ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե իբր Վաշինգտոնի նման քայլը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը:
Ըստ պարբերականի՝ պետքարտուղարության և Ազգային անվտանգության խորհուրդներից հաստատել են, որ Ադրբեջանին աջակցության հարցը դեռ քննարկման փուլում է: Պետքարտուղարության խոսնակը հավելել է՝ Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել, և Վաշինգտոնը գնահատում է Բաքվի հետ ռազմավարական գործակցությունը։
Politico-ում հրապարակվել է նաև APRI Armenia հետազոտական կենտրոնի փորձագետների հեղինակած հոդվածը, որի համաձայն՝ Լաչինի միջանցքի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը հարվածի տակ է դնում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Եթե Եվրոպան ցանկանում է փրկել խաղաղության համաձայնագիրը, ապա պետք է հասնի շրջափակման դադարեցման։ Եթե միջազգային հանրությունը չի կարողանում լուծում գտնել, որ բոլոր կողմերն իրենց քաղաքակիրթ պահեն, ապա պետք է օգնությունը օդային ճանապարհով տեղ հասցնել և հնարավորինս շատ այլընտրանքային մատակարարման ուղիներ գտնել»,- նշված է հրապարակման մեջ:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ԱՄՆ-ի և այլ երկրների վրա ճնշումը մեծանում է՝ գրում է Axios ամերիկյան գործակալությունը՝ հիշեցնելով՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հայերին ցեղասպանություն է սպառնում:
Պարբերականը զրուցել է Օկամպոյի հետ, որը նշել է՝ որպես Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկիր՝ Միացյալ Նահանգները պարտավոր է գործել, համախմբել այլ երկրների և խնդրի առնչությամբ քաղաքական վերաբերմունք ցուցաբերել: Ըստ նրա՝ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում ԱՄՆ-ը կդիտարկվի որպես ցեղասպանության մեղսակից:
Axios-ը դիմել է նաև ԱՄՆ պետքարտուղարությանը, որտեղից նշել են՝ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական փակման կապակցությամբ, հավելել՝ ազատ տարանցումը պետք է անհապաղ վերականգնվի։
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրենն էլ լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և մյուսները պետք է «ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որ վերջինս դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»:
Telegraph բրիտանական պարբերականը հարցազրույց է վերցրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թիմ Լոութոնից: Նա նշել է՝ Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է այլ հարցերով: «Կասկած չկա, որ սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների ծրագրի մի մասն է, և ընդամենը մեկ քայլ է մնացել, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն կոչվեն»,- ասել է Լոութոնը պարբերականի հետ զրույցում:
Բրիտանացի պատգամավորը նաև շեշտել է՝ Լոնդոնը պետք է հստակ հասկացնի, որ ստեղծված իրավիճակն անընդունելի է և անգործությունը վատ հետևանքների կհանգեցնի: Լոութոնը կոչ է արել Մեծ Բրիտանիային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: