Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն անդրադարձել է բենզինի շուկայում գների բարձրացման վերաբերյալ հրապարակումներին:
ՄՊՀ-ի փոխանցմամբ՝ նա տեղեկացրել է, որ ներկայումս ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։
Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ։
Անի Սմբատյանը հավելել է, որ հանձնաժողովն ամենօրյա մոնիթորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում: Ապրանքների գների 5 տոկոսից ավելի փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին, նախնական ուսումնասիրություն է սկսվում: