ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նա շրջել է մի շարք կրթական, մշակութային և սպորտային հաստատություններում, ծանոթացել կատարվող աշխատանքներին և առկա խնդիրներին։
«Նախարարի առաջին կանգառը Մեղրիի պետական քոլեջն էր: Ժաննա Անդրեասյանը շրջել է քոլեջի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, խնդիրներին։ Նախարարը հետաքրքրվել է ընդունելության գործընթացով, ինչպես նաև նոր ուսումնական տարվան ընդառաջ քոլեջի տնօրենի և կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է ուսումնական պլանները, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումները:
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղն էր: Նա շրջել է կենտրոնում, ծանոթացել ընդհանուր ցուցադրությանը՝ հատկապես հետաքրքրվելով սաների ձեռագործ աշխատանքներով։ Նախարարը տեղում արձանագրել է մի քանի խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ կտրվեն լուծումներ։
Մեղրիում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ արդեն ավարտվել են վերականգնման աշխատանքները:
Սյունիք կատարած մարզային այցի շրջանակում նախարարը եղել է նաև Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում և Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել շենքային, մարզումային պայմաններին և առկա մի շարք խնդիրներին։
Դպրոցի տնօրենն ու մարզիչները հպարտությամբ ներկայացրել են իրենց սաների մարզական հաջողությունները: Քննարկվել են մարզադպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մարզային այցերը շարունակական են լինելու»,- նշված է նախարարության հաղորդագրությունում: