Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Չինաստանը տեսնում է երկխոսության միջոցով: Ասուլիսում հայտնեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:
Ֆան Յոնգ (ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը, հաղորդակցությունը և կլուծեն երկու երկրների միջև վեճը: Հարցը պետք է լուծվի ընդհանուր ճանաչված միջազգային նորմերին համապատասխան՝ պահպանելով տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև՝ մարդկանց բարգավաճումը: Չինական կողմն աջակցում է այդ նպատակին հասնելու ցանկացած դիվանագիտական ջանքերի և պատրաստ է կառուցողական ներդրում ունենալ:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Մեր երկրում արդեն երեք տարի պաշտոնավարող դեսպանն ընդգծում է՝ Հայաստանի և Չինաստանի միջև շարունակում են զարգանալ և ամպրանդվել քաղաքական փոխվստահությունը, տարբեր ոլորտներում գործակցությունը:
Ֆան Յոնգ - Նախորդ տարի այցելել եմ Հայաստանի բոլոր մարզեր. մարզպետներն ու քաղաքապետները Չինաստանի հետ գործակցությունը խորացնելու ցանկություն են հայտնել: Մեր հայ ընկերների հետ պատրաստ ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով ամրապնդել գործակցությունը տարբեր մակարդակներում և ընդլայնել տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային, մշակութային և տարածաշրջանային գործակցությունը: Հուսով ենք, որ Հայաստանը կաջակցի և ակտիվորեն կմասնակցի Չինաստանի կողմից առաջարկվող խոշոր նախաձեռնություններին և մեր գործակցությունը նոր խթան կստանա:
Դեսպանության ռազմական կցորդն էլ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական գործակցության ընդլայնման հեռանկար է տեսնում: Ան Ցյանը նշում է՝ հնագույն քաղաքակրթություն լինելը հայերի և չինացիների համար նաև այս ոլորտում գործակցելու լավ հիմք է:
Ան Ցյան (ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ) - Միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության և ռազմական բարեփոխումների ոլորտում կարող ենք իրականացնել համագործակցություն: Այդ ուղղություններով մեծ ներուժ կա: Ես ամեն ինչ կանեմ, որ հայ-չինական հարաբերությունները ռազմական ոլորտում էլ ավելի զարգանան:
Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը: Այս տարվա առաջին կիսամյակում առևտրաշրջանառությունը երկրների միջև հասել է 800 մլն դոլարի, ինչը 45%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դեսպանը գործակցության հաջողված օրինակներն է թվարկում:
Ֆան Յոնգ - Այդ նախագծերից են ճանապարհների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, ենթակայանների և ջրամբարների վերափոխումը, կաուչուկի արտադրությունը: Չինաստանի աջակցությամբ Հայաստանում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի աշխատանքն է շատ լավ ընթանում, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման աջակցության ծրագիր ունենք:
Տնտեսական համագործակցությունը խորացնելու համար քննարկվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների գործարկումը, դեսպանության առևտրային կցորդն էլ հայ ձեռնարկատերերին կոչ է անում հատկապես մեծացնել դեպի Չինաստան հայկական կոնյակի ու մեղրի արտահանման ծավալները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան