ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այցելել է Էր Ռիադ։ Սա Իրանի ԱԳ նախարարի առաջին այցն է Սաուդյան Արաբիա երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Էր Ռիադ է մեկնել նաև Սաուդյան Արաբիայում Իրանի նորանշանակ դեսպանը, որը սկսում է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում:
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ սրվել էին 2016 թվականին, երբ Էր Ռիադում մահապատժի ենթարկեցին իշխանությանը քննադատող շիա աստվածաբան Նիմր ան Նիմրին: Դրանից հետո Թեհրանում ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ի պատասխան՝ Էր Ռիադը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Այս տարվա մարտին կողմերը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՎՐԱ
Պակիստանի արևելքում մուսուլման ծայրահեղականնները հարձակվել են քրիստոնեական համայնքի վրա, ավերել տասնյակ եկեղեցիներ, կողոպտել տներ: Reuters գործակալությունը գրում է, որ հարձակվողները մեղադրում են համայնքի ներկայացուցիչներին Ղուրանի հրկիզման ակցիա անցկացնելու համար: Փենջաբ նահանգում ավելի քան 120 մարդ է ձերբակալվել: Լրատվամիջոցները գրում են, որ ամբոխին հրահրում են տեղի հոգևորականները:
Երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԺՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Բելառուսի նախագահն ընդունել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուին։ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ նոր աշխարհակարգի ձևավորման հարցում Մինսկի և Պեկինի մոտեցումները համընկնում են:
«Բելառուսն աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված սահմաններին ու տարածքներին», - հավելել է Լուկաշենկոն:
Նա շեշտել է՝ «աշխարհն այսօր անկայուն է, մենք պետք է ուժեղ լինենք, որովհետև ուժը միշտ հարգանք է վայելում»:
Լի Շանֆուն էլ նշել է, որ երկու երկրի նախագահներն ավելի վաղ պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական գործակցության ամրապնդման վերաբերյալ, և ինքը Բելառուսում է՝ դրանց կյանքի կոչման նպատակով:
ԼԱՏՎԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Լատվիայի նախագահն ընդունել է երկրի վարչապետի հրաժարականը: Կրիշյանիս Կարինշի կառավարությունը կշարունակի աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը:
Օգոստոսի սկզբին նա փորձում էր համաձայնության հասնել կոալիցիոն գործընկերների՝ «Ազգային միավորման» և «Միացյալ ցուցակի» հետ կառավարության պահպանման շուրջ, սակայն որոշ նախարարների փոխարինման հարցով համաձայնության հասնել չի հաջողվել։
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Կանադայում մոլեգնող հրդեհների ֆոնին իշխանությունը հայտարարել է մի շարք բնակավայրերից քաղաքացիների տարհանման մասին: Լրատվամիջոցների տվյալով՝ Կանադայում հրդեհի ավելի քան 1000 ակտիվ օջախ է արձանագրվել: Հազարավոր բնակիչներ արդեն լքել են իրենց տները, իսկ Ալբերտա նահանգից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկը գրեթե ամբողջությամբ ավերվել է:
Իսպանիայում ևս անտառային հրդեհներ են: Տեներիֆե կղզում այրվել է ավելի քան 1800 հեկտար տարածք: Իրավիճակն ավելի է բարդանում շոգ եղանակի և ուժեղ քամիների պատճառով: