Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախնական ընտրացուցակներն արդեն համակարգվել և հրապարակվել են: Նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 824904 անձ:
Նելլի Դավթյան (ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Երևանի բնակչությունից ընտրելու հնարավորություն ունեն այն անձինք, ովքեր ընտրության պահին լրացած է 18 տարին և ՀՀ քաղաքացի են, առնվազն վեց ամիս գրանցված են ռեգիստրում, Երևանի ռեգիստրի մասին է խոսքը: Այն անձինք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, բայց վերջին մեկ տարում գրանցված են Երևանի պետական ռեգիստրում:
Ցուցակը հրապարակված է ոստիկանության կայքում:
«Ընտրողը հնարավորություն ունի ստուգելու իր անվան առկայությունը, ծանոթանալու, թե ո՛ր ընտրատեղամասում է ընտրելու, իսկ տվյալների անճշտության կամ բացակայության դեպքում պետք է այցելի իր վարչական շրջանի անձնագրային ծառայություն: Ցուցակում քաղաքացու անունը հնարավոր է ավելացնել նաև հենց ընտրության օրը, կրկին նույն գործընթացով»:
Նելլի Դավթյան - Պետք է մոտենալ, մինչև երեկոյան 20:00-ը այս պրոցեսը շարունակվելու է, տվյալ վարչական շրջանի անձնագրային բաժանմունք, ներկայացնի հիմքերը, ստուգումը կատարում ենք, համոզվում ենք, և տրամադրվում է տեղեկանք, տեղեկանքով վերադառնում է ընտրատեղամաս, հանձնաժողովի ղեկավարն ավելացնում է անունը էդ օրվա համար նախատեսված լրացուցիչ ընտրացուցակում:
Ըստ Դավթյանի՝ ընտրացուցակներում հիմնական անճշտություններն առաջանում են այն քաղաքացիների դեպքում, որոնք մահացել են ՀՀ սահմաններից դուրս, բայց նրանց հարազատները տեղեկանք չեն ներկայացրել: Արդեն նման ավելի քան 80 դեպք է արձանագրվել, անունները հանվել են ցուցակից: Երևանում վերջին տարիներին նաև 57 փողոց է անվանակոչվել ու անվանափոխվել, մինչդեռ այդտեղ ապրող քաղաքացիներից շատերի անձնագրում հին հասցեն է: Պատասխանատուները վստահեցնում են՝ այս դեպքում ընտրատեղամասում որևէ խնդիր չի առաջանա:
Արմինե Վարդանյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ) - Փոփոխված փողոցների վերաբերյալ ցանկերը տրամադրված են հին և նոր հասցեներով, այսինքն՝ տեղամասերի նախագահները, աշխատակիցները արդեն տեղեկացված կլինեն, որ քաղաքացիները մտնեն, որ որևէ խնդիր իրենց համար չառաջանա:
Փոփոխված հասցեներում բնակվող քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրական տվյալ չկա: Պատասխանատուները նշում են, որ անկախ փողոցի անվան փոփոխությունից, քաղաքացիները ընտրելու են նույն տեղամասում:
Հեղինակ՝ Սիմոն Հովհաննիսյան