3500-4700՝ միջինն այսքան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում մեր երկրում ամեն տարի: Արդյունքում՝ զոհվում է 14-24 անչափահաս, մարմնական վնասվածքներ ստանում՝ 400-500-ը։ Յուրաքանչյուր ամիս Հայաստանում 2-4 երեխա մահանում է ՃՏՊ-ից: Ըստ ԱՀԿ-ի՝ 15-19 տարեկան դեռահասների շրջանում մահացության առաջին գործոնը ճանապարհատրանսպորտային պատահարներն են:
Կարինե Գաբրիելյան (ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետ) - Իսկ 5-14 տարեկան երեխաների շրջանում երկրորդ տեղն են զբաղեցնում ՃՏՊ-ներով մահերը:
«Սբ Աստվածամայր» ԲԿ-ում վարում են իրենց վիճակագրությունը, թվերը կրկին դրական չեն:
Նառա Լալազարյան («Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբույժ) - Վերջին տարիների ընթացքում հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած երեխաների թիվը: Նախորդ տարի մեր հիվանդանոց էր դիմել 268 երեխա, այս տարի արդեն նույն ժամանակահատվածում մեր հիվանդանոց է բերվել 309 երեխա:
Վթարների հետևանքով տուժած երեխաների մեծ մասը երթևեկել է առանց քարսիթի, կամ խախտված են եղել դրանից օգտվելու կանոնները: Թեպետ 2019-ից քարսիթերի կիրառումը ամրագրված է նաև օրենքով:
Կարինե Գաբրիելյան - Մեզ պետք է երկու ուղղությամբ ուժեղացնել նախ՝ վերահսկողությունը, բայց ոչ միայն ոստիկանությունը, այլև հասարակությունը պետք է վերահսկի: Պետք է ամբողջ բնակչությունը սթափ ու զգոն լինի, աչալուրջ լինել:
Քարսիթը երեխայի անվտանգությունն ապահովելու համար է, ոչ թե վարորդի համար լրացուցիչ ֆինանսական բեռ՝ հիշեցնում են մասնագետները:
Նառա Լալազարյան - Մեծ մասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում քարսիթ չէր օգտագործվել, և երեխաները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ ծանր գանգուղեղային և պոլիօրգան վնասվածքներ: Քարսիթը կարող է կյանք փրկել, իմ պրակտիկայում ունեցել եմ դեպք, երբ երեխաները փրկվել են քարսիթի շնորհիվ:
Երեխային մեքենայում գրկելը ապահով չէ, վթարի դեպքում քաշը բազմապատկվում է, և նրանք ավելի հեշտությամբ կարող են տեղից թռչել՝ հարվածելով մեքենայի սրահի կոշտ մասերին կամ հայտնվել մեքենայից դուրս։ Վիճակագրություն ունի ԱՀԿ-ն:
Կարինե Գաբրիելյան - Եթե ճիշտ, ցուցումներին համապատասխան կիրառվում են, այդ քարսիթերը 54-80 տոկոսով կրճատում է, իսկ 10 տարեկանների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս 70 տոկոս կանխարգելում վնասվածքներից:
Առողջապահական գերատեսչությունը վարորդներին հորդորում է՝ ամրագոտի կապել, ոչ սթափ վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա չվարել, հեռախոսով չխոսել և չգերազանցել թույլատրելի արագությունը, մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը իրականացնել քարսիթով, իսկ 7-12 տարեկաններին՝ քարսիթի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով: