ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը:
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, Դոն Պիպո մականվամբ հայտնի Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն, նույն քաղաքում, անօրինական ազդեցության ոլորտը կարգավորելու հարցերը պարզաբանելու, իրենց հակառակորդ համարվող տարբեր անձանց, նրանց համախոհների ու մտերմների կողմից ցուցաբերած հանցավոր ակտիվությունը չեզոքացնելու նպատակով, ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են իրենց բազմաթիվ մտերիմների, այդ թվում Գոջու տղա Գուգո մականվամբ հայտնի Գ.Ա.-ին և այլ անձանց: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով Ա.Ա.-ն և Կ.Ղ.-ն վերջինիս անվամբ հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող «Իմպերիա սեքյուրիթի» ՍՊ ընկերությունը և տարբեր անձանց՝ հատկապես մարզիկների, առաջարկել աշխատանքի անցնել այնտեղ՝ իբրև որպես պահնորդներ:
Հանցավոր կազմակերպության նպատակներին տարբեր եղանակներով հասնելու համար, դրանում ընդգրկված մի շարք անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, դրանց կրակելու համար նախատեսված տարբեր տեսակի փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում՝ դժվարացնելով դրանց հայտնաբերման հնարավորությունը:
2021թ. մարտ ամսին Ա.Ա.-ի և վերջինիս հակառակորդ համարվող անձանց հարաբերությունները սրվել են, որից հետո վերջիններիս հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին Ա.Ա.-ն հանցավոր կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում:
Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հիշյալ համալիր են ժամանել նաև հակառակորդ խմբավորման անդամներն ու կողմնակիցները՝ 4 տասնյակից ավելի անձինք, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի և խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տևողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթևեկությունը, աղմկել են, հայհոյել և փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ,որի ընթացքում առնվազն երեք՝ 9 մմ (9 x 19), 9 մմ (9 x 18) և 5,6 x 15 մմ տրամաչափի ակոսափող հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Արդյունքում, Ա.Ա.-ի կողմնակիցներից մեկը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այդ ընթացքում հակառակորդ խմբավորման անդամները ծեծի են ենթարկել Կ.Ղ.-ին՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Հանցավոր կազմակերպության անդամ Գ.Ա.-ն, նախապես վերցրած և իր մոտ գտնվող «Վինչեստր» տեսակի զենքով, կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ:
Վերը նկարագրված գործողությունների հետևանքով տագնապային իրավիճակում են հայտնվել դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող հասարակական օբյեկտների աշխատակիցները, բնակելի տների և բազմաբնակարան շենքերի բնակիչները, փողոցով պատահական անցնող անձինք: Նշված գործողություններից հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներից մեկին՝ Գ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջինիս վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: