Ճանապարհի կառուցման հաջորդ պահից պետք է պատշաճ սպասարկում իրականացվի: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին:
«Մանավանդ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ հենց դեպքից անմիջապես հետո մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար:
Առաջին միտքն այն էր, որ եթե, օրինակ, ավտոմեքենաների կամ վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, որ ինչու այս ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն, բայց շուտ արձանագրեցինք, որ և՛ վարորդական իրավունքներ են իրավազոր... Ընդ որում՝ մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել, ոչ մի առանձնահատուկ բան չկա, այսինքն՝ չենք էլ կարող ասել, որ վարորդներն առանձնահատուկ խախտումների հակված են եղել: Կարծում եմ՝ այնպիսի խախտումներ են եղել, որ յուրաքանչյուր վարորդի հետ ոչ թե մեծ հավանականությամբ, այլ անպայման տեղի կունենա: Ասենք՝ սահմանված արագություն 2 կմ/ժամ խախտելու համար տուգանվել, ասենք՝ կարմիր լույսի տակ գիծը խախտել, այդ կարգի խախտումներ են: Մեքենաները ապահովագրված, տեխնիկական զննում անցած, և դեպքը, ըստ ամենայնի, քննությունը կպարզի»,- ասաց Փաշինյանը և, խոսքն ուղղելով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, հետաքրքրվեց, թե ինչ նոր տեղեկություններ կան:
ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված:
«Փորձաքննության արդյունքով կհասկանանք՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ չէ: Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաև կասի, թե ով է մեղավոր»,- ասաց նա, ապա հավելեց, որ ոչ մի նոր, արտառոց տեղեկություն մինչ այս պահը չի բացահայտվել:
Փաշինյանն ընդգծեց, որ երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված միջոցառումները պետք է լինեն շարունակական, ապա հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ գործում է ՃՈ անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքային խումբ, որը փորձում է վերլուծել վթարների պատճառները և վեր հանել այն «սև կետերը», որտեղ ամենահաճախն են վթարներ տեղի ունենում:
«Դեպքից առաջ ես առիթ եմ ունեցել ՆԳ նախարարի հետ այդ թեմայով խոսելու, որ առավել ևս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված պարեկային ոստիկանությունը հատկապես պետք է շատ ուշադիր լինի»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա: