ԱՄՆ-Ը ԽՈՐԱՊԵՍ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՄԲ. ՊԱՏԵԼ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին, նշել՝ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։
«Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն, և պատրաստվում ենք շարունակել մեր դաշնակիցների և գործընկերների հետ ակտիվորեն ներգրավվել այդ հարցում»,- ասել է Պատելը։
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՎԵՐԱԲԱՑՎԻ. ՔԻՐԲԻ
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին մտահոգում է այն փաստը, որ Լաչինի միջանցքը փակ է առևտրային, մարդասիրական և մասնավոր տրանսպորտային միջոցների համար:
«Ցանկանում ենք, որ այդ միջանցքը վերաբացվի։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հնարավորինս շուտ վերականգնել տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը»,- նշել է Քիրբին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղ կարգավորմանը և լարվածության թուլացմանը, ինչպես նաև Լաչինի միջանցքի բացմանը։
ԲԱՅՐԱՄՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական միության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաև Լաչինի միջանցքի խնդրին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
ԲԱՔՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի թվիթերյան գրառմանը, որում նա հայտնել էր, որ իր ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կայցելի Լաչինի միջանցքի շրջան՝ զեկուցելու տեղում ստեղծված իրավիճակի մասին: ԵԱՀԿ գործող նախագահը նաև կոչ էր արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հակադարձել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ պնդել, թե իբր Լաչինի միջանցքը բաց է: Նա նշել է, թե Ադրբեջանում սահմանային հարցերը բավական կանոնակարգված են: Հաջիզադեն հերթական անգամ կրկնել է՝ Լեռնային Ղարաբաղ բեռներ փոխադրելու համար ադրբեջանական կողմն առաջարկում է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: