Ավելի քան 8-ամսյա արգելափակման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայ զրկված է հիմնարար իրավունքներից, չունի ազատ տեղաշարժվելու հնարավորություն, սննդի պակասից տառապում է 30 000 երեխա, հազարավոր քաղաքացիներ չեն կարող օգտվել առողջապահական ծառայություններից, 1 մարդու Ադրբեջանն առևանգել է հենց անցակետի մոտ, 1 անձ մահացել է թերսնման պատճառով: Հայաստանի պահանջով հրավիրված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակը: «Ես այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը՝ չկորցնելու տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորությունը»,- դիմելով ՄԱԿ-ի ԱԽ անդամներին՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել տարածաշրջանում կայունության հաստատման համար։ Կարծում եմ՝ այսօր էլ դեռ նման հնարավորություն ունենք։ Սակայն ԼՂ-ում հումանիտար իրավիճակը կարող է էականորեն վատթարացնել խաղաղության հեռանկարը Հարավային Կովկասում և նույնիսկ դրանից դուրս։
Միրզոյանը ներկայացրել է՝ ինչպես է Բաքուն հետևողականորեն խախտում է պայմանավորվածությունները, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արհամարհում Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, որոնք նրան պարտավորեցնում են ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը: «Այժմ Ադրբեջանի գործողությունների պատճառով նույնիսկ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, իսկ հուլիսի 26-ին ԼՂ ուղարկված՝ Հայաստանի հումանիտար ավտոշարասյունը մինչ օրս Լաչինի միջանցքի մուտքի մոտ է»,- մանրամասնել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող օղակ, և այն չունի այլընտրանք։ Այն պետք է բացվի: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր այլ հաղորդակցություններին, այդ հարցը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակում։
Միրզոյանը նաև թվարկել է՝ ինչ է ակնկալում հայկական կողմն Անվտանգության խորհրդից:
Արարատ Միրզոյան - Դատապարտել որպես պատերազմի միջոց սովի կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության գոյատևման համար անհրաժեշտ հումանիտար օգնության ապօրինի մերժումը, պահանջել մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ապահովել Կարմիր խաչի հետ լիարժեք գործակցությունը, Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն։
Այս հումանիտար հարցերը պետք է լուծվեն՝ նախքան ԼՂ ժողովուրդը կենթարկվի էթնիկ զտման՝ շեշտել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Հարգելի Անվտանգության խորհուրդ, նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց:
Եզրափակելով ելույթը՝ Միրզոյանը ներկաներին ցույց է տվել արցախցի երեխաների նկարներ՝ նշելով, որ նրանք և նրանց նման հազարավոր մարդիկ դեռ հույս ունեն, որ անուշադրության չեն մատնվի:
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼԱՉԻՆՈՎ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԸ. ՄԱԿ ԱԽ ԿՈՉԸ ԲԱՔՎԻՆ
Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի իրավիճակին անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները:
Նատալի Բրոդհերսթ (ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը մեկուսացնում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ողջ աշխարհից՝ առանց որևէ օրինական հիմնավորման, և հակասում միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին: Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանի և անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց անարգել տեղաշարժը երկու ուղղությամբ, ապահովել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ֆրանսիան դատապարտում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական շարասյան արգելափակումը, ինչպես նաև Կարմիր խաչի գործունեության խոչընդոտումը:
Բրոդհերսթը կոչ է արել Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, ինչպես նաև թույլատրել մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին անարգել մուտք գործել տարածաշրջան։ Նա վստահեցրել է՝ Փարիզն աջակցում է ԵՄ միջնորդական ջանքերին, հանձնառու է Հարավային Կովկասում տևական խաղաղության օրակարգին և հորդորում է շարունակել բանակցությունները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունը:
ԱՄՆ պատվիրակության ղեկավարն էլ հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղ կենսական կարևորության ապրանքների մատակարարման արգելափակումն անընդունելի է:
Լինդա Թոմաս-Գրինֆիլդ (ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ) - Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Մենք ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիներով մարդասիրական մատակարարումների հարցում: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է կարգավորվեն: Պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց իրավունքները և անվտանգությունը։ Կողմերին հորդորում ենք հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։ Միջազգային համայնքը պետք է շարունակի դիվանագիտական ներգրավվածությունը:
Գրինֆիլդը հավելել է՝ Վաշինգտոնը կոչ է անում ուղիղ բանակցություններ սկսել նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ հայտարարել է՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզն են, և դրան այլընտրանք չկա:
Դմիտրի Պոլյանսկի (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ) - Եռակողմ համաձայնագրերի ներուժը դեռ երկար չի սպառվի: Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցում հնարավոր չէ պատկերացնել առանց Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար անվտանգության երաշխիքների, որոնք հիմնված կլինեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա և կյանքի կկոչվեն Ադրբեջանի օրենսդրության համատեքստում։ Ռուսական կողմն իրատեսական փոխզիջումներ է առաջարկել։ Դա ենթադրում է մարդասիրական միջանցքների զուգահեռ բացում Աղդամով և Լաչինով: Այդպիսով նաև ճանապարհ կհարթվի Բաքվի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների միջև երկխոսության համար։
Պոլյանսկին պնդել է՝ Մոսկվան պատրաստ է այսուհետ էլ օգնել կողմերին՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ ուժերի ներգրավմամբ։ Ռուս պաշտոնյան հավելել է՝ «կոչ ենք անում պատասխանատու մոտեցում դրսևորել Անվտանգության խորհուրդն այս գործընթացների մեջ ներքաշելու հարցում»։
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով՝ նման հայտարարությամբ էլ հանդես է եկել ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։
Գենգ Շուանգ (ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցի տեղակալ) - Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ անվտանգությունը և համատեղ զարգացումը բխում են երկու երկրի շահերից: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հաշվի առնել մեկը մյուսի շահերը՝ ավելի վաղ համապատասխան կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
Կարևոր է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները հարգվեն, և Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժն ապահովվի՝ շեշտել է Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:
Ջեյմս Կարիուկի (ՄԱԿ-ի ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ) - Կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ բոլոր երթուղիներով: Հարկավոր է ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց: Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերը: Միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր հասնել խաղաղության։
Ադրբեջանի գործողությունների բացահայտ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Մալթայի ներկայացուցիչը:
Ֆրանչեսկա Մարիա Գատ (ՄԱԿ-ի ԱԽ-ում Մալթայի ներկայացուցիչ) - Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ և առանց նախապայմանների վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, չխախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Տարածաշրջան հումանիտար հասանելիության բացակայությունը լուրջ հետևանքներ կունենա: Ի գիտություն ենք ընդունել Աղդամով մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, սակայն այս ճանապարհը չպետք է դիտարկվի որպես այլընտրանք Լաչինի միջանցքին:
Մալթայի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները և ապահովել Կարմիր խաչի գործունեությունը: «Մալթան վերահաստատում է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն իր հավատարմությունը, սատարում ԵԱՀԿ համանախագահության ջանքերին»,- հավելել է Մալթայի ներկայացուցիչը:
Ելույթներով են հանդես եկել նաև Ճապոնիան, Շվեյցարիան, Ալբանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան, Էկվադորը, Գանան, Մոզամբիկը, Գաբոնը: Անվտանգության խորհրդում այս երկրների ներկայացուցիչների հայտարարություններում հիմնական կրկնվող կոչերն են՝ վերաբացել Լաչինի միջանցքը, հետևել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումներին, չխոչընդոտել Կարմիր խաչի գործունեությունը, լուծել առկա խնդիրները բացառապես երկխոսության միջոցով, հարգել երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հումանիտար մատակարարումների համար դիտարկել Աղդամ-Ստեփանակերտ երթուղին:
Չնայած Անվտանգության խորհրդի անդամների՝ Բաքվին ուղղված հասցեական կոչերին, Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը պնդել է, թե իբր Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ և ցեղասպանության սպառնալիք չկա՝ որպես հիմնավորում նշելով, թե հայկական կողմը մերժում է Ադրբեջանի օգնությունը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Նրա խոսքով՝ Հայաստանը, իբր, կեղծ տեղեկություններ է տարածում և Անվտանգության խորհուրդ դիմելով՝ մոլորեցնում միջազգային հանրությանը: «Հայաստանը դա անում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու նպատակով»,- պնդել է Ալիևը՝ Երևանին մեղադրելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԿԽՄԿ-ի միջնորդական և դիվանագիտական ջանքերը իբր խոչընդոտելու համար։
Ադրբեջանին պաշտպանող դիրքերից է հանդես եկել նաև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը՝ կարևորելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումը և մեղադրելով Հայաստանին իրավիճակը սրելու համար։
Սեդաթ Օնալ (ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ) - Թուրքիան մտահոգված է, որ Հայաստանը փորձում է օգտագործել միջազգային հարթակները, այդ թվում ԱԽ-ն՝ Լաչինի միջանցքի հետ կապված քաղաքական մեղադրանքներ հնչեցնելու համար: Ադրբեջանի օրինական մտահոգությունները պետք է հաշվի առնվեն: «Մենք հանձնառու ենք Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը և քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել»:
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը եզրափակել է ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը: Սիլվիո Գոնցատոն նշել է՝ ԵՄ-ն մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ահագնացող մարդասիրական ճգնաժամին և կոչ անում վերաբացել Լաչինի միջանցքը՝ եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
Սիլվիո Գոնցատո (ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատար) - Անհրաժեշտ է ապահովել ԿԽՄԿ-ի լիարժեք գործունեությունը: Մարդասիրական նախաձեռնությունները չպետք է քաղաքականացվեն: Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարելու նաև Աղդամով։ Այդ ճանապարհը, սակայն, չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ Տեղում բնակչությունը անվտանգության երաշխիքների կարիք ունի: Նաև պետք է խրախուսվի տեղի հայ բնակչության ու Բաքվի միջև երկխոսությունը: Դա անհրաժեշտ է վստահության ձևավորման տեսանկյունից:
Գոնցատոն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն ներկա է հայ-ադրբեջանական սահմանին, կառույցի դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում և կոչված է նպաստելու հակամարտության կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած հրատապ նիստը կարող է հիմք դառնալ անդամներից որևէ մեկի կողմից հայտարարության կամ բանաձևի նախաձեռնությամբ հանդես գալու համար: