ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո էլ առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում իրավիճակի փոփոխություն չկա: 23-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում մարդասիրական օգնությամբ 22 բեռնատար:
Արդեն երրորդ տասնօրյակն է սկսվել, ինչ մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը բարկ արևի տակ սպասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասնելու հնարավորությանը՝ այստեղ՝ Հակարի կամրջի հարևանությամբ, Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում։
Բեռներն առայժմ հնարավոր է եղել զերծ պահել փչանալուց. այն ապրանքատեսակները, որոնց պահպանման համար ջերմային հատուկ ռեժիմ է անհրաժեշտ, գտնվում են ավտոմատ հովացման համակարգ ունեցող բեռնատարներում։
Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, արձանագրվեց նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16֊ի նիստում։
Վարդան Սարգսյան (ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ) - Այս ընթացքում, ցավոք, ադրբեջանական կողմից ականատես եղանք այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը քաղաքականացնելու և անհարկի շահարկումեի փորձերին։ Ամեն դեպքում այս պահի դրությամբ դեռևս բեռները գտնվում են Կոռնիձոր գյուղի այս սահմանամերձ հատվածում և, ցավոք, դրանց տեղափոխումը ԼՂ դեռ հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում տեղի ունեցած նիստին, ապա, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ հիմնականում մեր միջազգային գործընկերները շատ լավ պատկերացում և գիտակցում ունեն ԼՂ-ում տեղի ունեցող խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որը փաստացի աճում է հումանիտար աղետի. և այս առումով կարծում եմ, որ միջազգային հանրության կողմից հստակ քայլերի և գործողությունների անհրաժեշտությունը ավելի ու ավելի տեսանելի է դառնում։
Հեղինակ՝ Աննա Զախարյան