ՀՀ օմբուդսմենը ԼՂ հարցով միջազգային արձագանքը երկու մասի է բաժանում. մեկը համապատասխան միջազգային դատական ատյանների դիրքորոշումներն են, որոնք իրավական գործընթացների տեսանկյունից շատ կարևոր դերակատարություն ունեն, մյուսը՝ այն հայտարարությունները, որոնք տարածվում են սովորաբար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ հարցով տեղի ունեցած հրատապ քննարկման արձանագրումներին:
«Բայց ես այստեղ երրորդ հարթություն կավելացնեի: Ինչո՞ւ: Որովհետև այս իրավիճակում մենք գործ ունենք արդեն ճգնաժամային իրավիճակի հետ, երբ չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, չնայած տարածվող բազմաթիվ հայտարարություններին՝ մենք ունենք իրավիճակի չշտկված կամ խնդրի չշտկված իրավիճակ, և բնականաբար, այստեղ կարիք կար գործուն քայլերի ձեռնարկման: Ու այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ միջազգային դերակատարները նաև գործուն քայլեր ձեռնարկեն խնդիրը կարգավորելու համար»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ գործուն քայլերը կարող են լինել ցանկացած ձևաչափով:
«Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին, մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն և երաշխավորություն»,- ասաց նա: