Ծաղկաձորի անտառի 5500 քմ հողամասը կվերադարձվի պետությանը: Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերահաստատելով՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի 2007 թվականին իրականացրած աճուրդն ապօրինի է: Հողամասը սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը:
Աղավնի Մադոյան (ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ) - Թվով 25 աճուրդով օտարվել էր պետական սեփականություն հանդիսացող, հատուկ նշանակության շուրջ 48.5 հա հողամաս: 25 լոտ աճուրդները վիճարկվել են 11 գործի շրջանակներում:
Եվս 24 աճուրդներով Ծաղկաձորի անտառում տարածքներ են ձեռք բերել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ 7100 քմ, գործարար Սամվել Մայրապետյանը՝ շուրջ 40.000 քմ մակերեսով երկու հողակտոր, նույն չափի անտառային տարածք սեփականաշնորհել է նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ապա 2013 թվականին այն, Ծաղկաձոր համայնքին տրամադրելով, անտառային տարածքում ստացել է նույն չափի այլ հողակտոր: Գործարքի մասնակիցների ցանկն այսքանով չի ավարտվում: Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանի խոսքով՝ 2023 թ. հակակոռուպցիոն դատարանը բավարարել է այս աճուրդների վերաբերյալ դատախազության ներկայացրած ևս երեք հայց, ըստ որի՝ նախատեսվում է պետությանը վերադարձնել՝
«Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուն պատկանող 24 հազար քմ հողակտորը, գործարար Սամվել Մայրապետյանի սեփականաշնորհած տարածքից 20 հազար քմ-ը, ինչպես նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանին պատկանող 40 հազար քմ-ն: Մնացած աճուրդներն անվավեր ճանաչելու հայցերը դեռ դատարանի վարույթում են»:
Աղավնի Մադոյան - Եթե հետագայում օրինական ուժի մեջ մնան նշված դատական ակտերը, պետական սեփականություն կվերադարձվի նաև 8.4 հա հատուկ նշանակության հողատարածքները: Վճռաբեկ դատարանի որոշումն այդ առումով նույնպես կարևոր նշանակություն ունի, և օրենքի միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից եթե դիտարկենք, ապա շատ հնարավոր է, որ մնացած աճուրդները նույնպես անվավեր ճանաչվեն, և նշված օտարված հողամասերը նույնպես վերադարձվեն պետական սեփականություն:
Սեփականաշնորհումից հետո, դատախազի խոսքով, անտառապատ հողերում կառուցապատում չի իրականացվել, ինչը տարածքները պետությանը վերադարձնելու գործընթացում հավելյալ խոչընդոտ չի առաջացնի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան