Լոլիկի բերքը ծակծկող-փչացնող ցեցի դեմ այս ամառ, պարզվում է, նաև տեղական թակարդներ են փորձարկվել։ Միջատի արուներին էգի հոտով սոսնձի մոտ կանչող-կպցնող Տուտա աբսոլուտա ֆերոմոնը սինթեզել են Ակադեմիայի Օրգանական դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնում։
Հմայակ Սարգսյան (ՀՀ ԳԱԱ Օրգանական դեղագործական քիմիայի գետատեխնոլոգիական կենտրոնի բնական չհագեցած միացությունների լաբորատորիայի վարիչ) - էս տարի հունիսին տվել եմ 20 կապսուլա փորձարկման: Սեպտեմբերի վերջում մեզ արդյունքները կասեն՝ համապատասխանո՞ւմ է իր ֆիզիկաքիմիական հատկություններով միջազգային բոլոր չափանիշներին: Այդ ֆորոմոնը մենք կարող ենք արտադրել, Հայաստանի պահանջները բավարարել՝ ամբողջը:
Լաբորատորիայի ղեկավարը պնդում է՝ տվյալ նյութից երկրին ընդհանուր պետք կլինի մի քանի 100 գրամի կարգի, քանի որ միլիներով է օգտագործվում։ Պատրաստի թակարդ նկարահանման ժամանակ չունեին: «Բարդ բան չէ,- ասում է քիմիական գիտությունների դոկտորը,- լուծույթը ներարկում են պոլիամբիդային թելի միջուկում, մշակում պոլիվինիլքլորիդով ու ցիկլոհեքսանով»։
Այստեղ սինթեզված երկրորդ ֆերոմոնը թույլ կտա այգիները պաշտպանել մրգի մեջ որդ գցող վնասատուից։ Ընդ որում, ի տարբերություն սրսկվող թունաքիմիկատների, պայքարի այս ձևն անվնաս է։ Նյութը ծառին չի էլ կպչում․ ճյուղին կախվող թակարդից տարածվող հոտը բզեզներին ոչնչացնում է՝ մինչև կհասցնեն բազմանալ։
Նինա Հոբոսյան (ՀՀ ԳԱԱ Օրգանական դեղագործական քիմիայի գետատեխնոլոգիական կենտրոնի բնական չհագեցած միացությունների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող) - Արևելյան պտղակերը պտղատու ծառերի վնասատուն է՝ խնձորի, սալորի, ծիրանի: Մենք այս տարի առաջին անգամ փորձարկում ենք Հայաստանում, մեր գործընկերների հետ Ագրարային համալսարանի, փորձարկում ենք հենց ծիրանի այգիներում՝ մեր սինթեզած ֆերոմոնները:
Մինչև վերջերս հին սարքերով էին փորձեր անում, բայց հիմա արդեն դժգոհելու տեղ չկա։ Գիտության կոմիտեի դրամաշնորհներով ու այլ համագործակցությամբ՝ ժամանակակից լաբորատորիա են բացել, գոլորշացուցիչ, մագնիսական ու մեխանիկական խառնիչներ ձեռք բերել։ Ֆոտոռեակտոր ունեն, որը խիստ որոշակի ալիքի երկարության տակ թույլ է տալիս միանգամից 16 փորձանոթում ռեակցիա իրականացնել․ միայն դա 3 մլն դրամ արժե։ Նոր սարքերը երիտասարդների մոտ գիտությամբ զբաղվելու ձգտում են առաջացնում՝ նկատում է Նինա Հոբոսյանը։
Նինա Հոբոսյան - Ունենք մենք սարքեր, որ Հայաստանում նախադեպը չունեն: Լաբորատորիան վերանորոգվել է «Հայբուսակ» համալսարանի միջոցներով և կահավորվել:
Գրանտային մեկ այլ ծրագրով բնական չհագեցած միացությունների լաբորատորիայի իրենց աշխատակիցներից մեկը շուտով ԱՄՆ վերապատրաստման կգնա: Վերադառնա՝ զարգացնելու են աշխարհում բավական առաջ գնացած մետաղ-օրգանական քիմիան։ Նպատակ են դրել՝ առաջիկայում ֆինանսավորում գտնել և նոր թակարդների համար սինթեզել՝ երկրում գլուխ բարձրացրած, Սևանի սոճուտները չորացնող նեմատոդոզի ֆերոմոնները։