ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ. ԱՌԱՋԱՐԿ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Սթիան Յենսենը հայտարարել է՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց զիջի իր տարածքների մի մասը։ Նա հավելել է՝ այնուհանդերձ, չեմ պնդում, թե հենց այդպես էլ պետք է լինի: Նա նաև ընդգծել է, որ Կիևը ինքնուրույն պետք է որոշի՝ երբ և ինչ պայմաններում է ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ:
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում զգալի տեղաշարժ կա։ Բոլորը շահագրգռված են, որ պատերազմը չկրկնվի»,- ասել է պաշտոնյան, հավելել՝ ռուսական կողմն այժմ ռազմական լուրջ խնդիրների է բախվում, և դժվար թե նոր տարածքներ գրավի:
Կիևն արձագանքել է. «նման նարատիվի ձևավորումը ձեռնտու է միայն Ռուսաստանին»՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
«ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց ուկրաինական տարածքներից հրաժարվելու մասին խոսակցությունները բացարձակապես անընդունելի են։ Մենք միշտ առաջնորդվել ենք նրանով, որ Դաշինքը, ինչպես և Ուկրաինան, տարածքների առևտուր չի անում»,- ընդգծել է Օլեգ Նիկոլենկոն։
ԼԻՏՎԱՆ ՓԱԿՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 2 ԱՆՑԱԿԵՏ
Լիտվան փակում է Բելառուսի հետ սահմանին տեղակայված վեց անցակետից երկուսը։ Երկրի կառավարությունն այս որոշումը բացատրել է «աշխարհաքաղաքական հանգամանքներով»։ Reuters գործակալությունը գրում է, որ այդ հանգամանքներից մեկը կարող է լինել Բելառուս «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների տեղափոխումը և անօրինական միգրացիայի աճի սպառնալիքը: Անցակետերը կդադարեցնեն աշխատանքը օգոստոսի 18-ից:
Լիտվայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է Բելառուսի հետ սահմանին բոլոր անցակետերի փակման հնարավորությունը: Գործակալությունը գրում է, որ Բելառուսի սահմանային կոմիտեն Լիտվայի իշխանության որոշումը «հերթական ոչ բարեկամակն քայլ» է անվանել:
Լատվիան ևս քայլեր է ձեռնարկում՝ ամրապնդելու Բելառուսի հետ սահմանը։ Երկրի սահմանային ծառայությունը հայտարարել է ուժեղացված ռեժիմի անցնելու մասին։
Լեհաստանն էլ փակել է Բելառուսի հետ սահմանին գրեթե բոլոր անցակետերը: Իշխանությունները մտադիր են սահմանապահների թիվը հասցնել 10 հազարի։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԵՆ ԲԵԼԳՈՐՈԴԸ. ԳԼԱԴԿՈՎ
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թիրախավորել են շրջանի բնակավայրերը՝ կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր: Նրա խոսքով՝ հայտնի է խաղաղ բնակչության շրջանում մեկ զոհի մասին, կա 2 վիրավոր:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի ուղղությամբ արձակված ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել:
Անվտանգության դաշնային ծառայությունն էլ հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտներ են փորձել ներխուժել Բրյանսկի շրջան, սակայն նրանց առաջխաղացումը, կառույցի պնդմամբ, կասեցվել է: Հաղորդվում է 4 դիվերսանտի չեզոքացման մասին:
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար՝ «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպանը: Քազեմ Ջալալիի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են պատասխանատու պաշտոնատար անձանց որոշումները:
Նա տեղեկացրել է, որ Իրանն ու Ռուսաստանը նաև համատեղ նախագծեր են մշակում ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով զբոսաշրջային հոսքերի ավելացման համար ռուս-իրանական համատեղ ավիաընկերությունների ստեղծումն անհրաժեշտություն է:
«Իհարկե, կցանկանայինք նաև Ռուսաստանից Իրանում պակասող ապրանքներ գնել, օրինակ՝ հացահատիկ ու ձեթ։ Միաժամանակ մենք էլ ուզում ենք ապահովել Ռուսաստանի կարիքները», - ասել է Ջալալին։
ԲԱԽՈՒՄՆԵՐ ԼԻԲԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ. ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 55-Ի
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային արվարձաններում զինված խմբավորումների միջև արդեն մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, վիրավորվել է ավելի քան 140 մարդ: Բախումների շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Ըստ լրատվամիջոցների՝ լարվածությունը սրվել է զինված ստորաբաժանումներից մեկի հրամանատարի ձերբակալության պատճառով։
Օգոստոսի 14-ին հայտնի դարձավ մայրաքաղաքային ռազմական օկրուգի զորքերի մաս կազմող 444-րդ բրիգադի հրամանատարներից մեկի ձերբակալության մասին: Լիբիայի խորհրդարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել զինվորականին: