Երևան-Կապան չվերթով Սյունիք է մեկնել Հայաստանի վարչապետը: Հաջորդ շաբաթվանից կսկսվեն կանոնավոր չվերթները, տոմսերի վաճառքի համակարգը մշակված է: Օդանավակայանում 2017-ին սկսված վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 2020-ին:
Կապանի օդանավակայանից դեպի մարզպետարան: Մինչև Սյունիքի մարզային ղեկավարությունը կներկայացներ 2022-ի հաշվետվությունը, վարչապետն անդրադարձավ Կապան-Երևան չվերթին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն կլինեն կանոնավոր չվերթներ: Այսինքն` քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնաթիռի տոմս ձեռք բերել և օգտվել այդ տրանսպորտից: Իհարկե, որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց սկզբնական շրջանում նաև քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք, հետո, ըստ այդմ, բնականաբար ավելի կլավարկենք:
Անդրադառնալով հաշվետվությանը՝ զեկուցվել է, որ 2022 թվականին մարզի համայնքների եկամուտները նախատեսված են եղել 2 միլիարդ 992 մլն, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ:
30 կմ ասֆալտապատում, 64 կմ ջրամատակարարման ցանց, 22 մանկապարտեզների հիմնանորոգում. 2018-2022թթ. իրականացված 109 սուբվենցիոն ծրագրերն են՝ 21,8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Պետական մասնաբաժինը կազմել է 12.9 մլրդ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ծրագրի շրջանակում առաջիկայում Սյունիքում եւս կսկսվեն շինաշխատանքները, որոնց իրականացման մրցույթն արդեն ավարտվել է:
Մարզում կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում գույքն արդիականացվել է, 36-ում՝ 48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում է եղել, 46 դպրոցում էլ արդեն գործում է ԱՐՄԱԹ լաբորատորիա:
Կառավարության աջակցության ծրագրերի շրջանակում Սյունիքում կառուցվել է 3 խելացի անասնաշենք: 2022-ին հիմնվել է 51 հա ինտենսիվ այգի, առկա է 4.5 հա ջերմոցային տնտեսություն: Մարզում իրականացվել 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից սկսած Կառավարությունը Սյունիքում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր: Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետն անդարադարձել է մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերին, կրթահամալիրների կառուցմանը, տվել համապատասխան հանձնարարականներ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան