ՄԱԿ ԱԽ-ի կոչն այս պահի դրությամբ իրագործված չէ, և 22 բեռնատար շուրջ 400 տոննա հումանիտար բեռով Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը: Այդ մասին Կառավարության օգոստոսի 17-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է:
«Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան:
Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար:
Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա: