«Վեոլիա ջուր» ընկերության սպասարկումից բողոքները շարունակվում են: Հարցին Կառավարության ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով նախորդ ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությունը, ըստ որի՝ կախված սեզոնայնությունից՝ ջրամատակարարման խնդիրներն ավելանում են:
«Քանի որ ջրապահանջարկն ավելանում է, համակարգի ճնշումն ավելացվում է, որպեսզի ջուրը հասնի սպառողներին, և համակարգի մաշվածության պատճառով սկսվում են վթարները»,- ասաց նա:
Գարեգին Բաղրամյանը նաև հիշեցրեց, որ ջրամատակարարման որակի, ժամի խախտումների դեպքում գործում է տուգանքների ավտոմատ համակարգ, ինչի արդյունքում ընկերությունը վճարում է տուգանք՝ գումարն ուղարկելով սպառողի հաշվին: Կան նաև այլ տիպի խախտումներ, որոնց դեպքում հանձնաժողովը վարույթ է իրականացնում, և տուգանքները մուծվում են Կառավարության բյուջե: