Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը շարունակել է կեղծ պնդումները։
«Պետք է կատեգորիկ հերքեմ բոլոր այդ չհիմնավորված մեղադրանքները շրջափակման վերաբերյալ, մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ, որոնք Հայաստանն է տարածում իմ երկրի դեմ։ Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես մարդասիրական խնդիր, իրականում սադրիչ և անպատասխանատու քաղաքական արշավ է, որի նպատակն է սասանել իմ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Նա մեղադրել է Հայաստանին Աղդամով Լեռնային Ղարաբաղ ապրանքներ ուղարկելուն առարկելու համար։ Յաշար Ալիևը կրկին պնդել է, թե իբր ԼՂ-ում ցեղասպանության մասին մեղադրանքներն անհիմն են, իսկ Ադրբեջանը հետամուտ է ԼՂ բնակիչների ինտեգրման քաղաքականությանը. «Նրանք հավասար պետք է լինեն, և պետք է երաշխավորվեն բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային բոլոր կիրառելի մեխանիզմներով, որոնք ստորագրել է Ադրբեջանը»,- ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։