Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատար Սիլվիո Գոնցատոն:
«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան ութ ամիս՝ չնայած այն բացելու Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը դարձել է համապարփակ՝ բացառությամբ բժշկական նպատակներով մարդկանց տարհանումների: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անհրաժեշտ պարագաների ծայրահեղ պակաս ունի, ինչը քաղաքացիական բնակչության համար կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: ԿԽՄԿ-ի ջանքերը տարածաշրջանում մեծ ազդեցություն են թողնում, ուստի անհրաժեշտ է ապահովել այդ կազմակերպության լիարժեք գործունեությունը մարդասիրական մատակարարումների և բժշկական տարհանումների համար»,- ասաց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:
Նրա պնդմամբ՝ մարդասիրական ապրանքների առաքումը չպետք է քաղաքականացվի որևէ նպատակով: Անմիջապես պետք է վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, քանի որ կողմերը պարտավորություն են կրում՝ ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը՝ կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը:
«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ ապահովելով քաղաքացիներին ապրանքների մատակարարումը Աղդամով։ Այնուամենայնիվ, դա չպետք է դիտարկվի որպես տարբերակ՝ չբացելու Լաչինի միջանցքը: Առաջին հերթին, պնդումները պետք է ուղղված լինեն բնակչության անվտանգությանը և իրավունքների ապահովմանը, և խրախուսվի տեղի հայ բնակչության ու Բաքվի միջև երկխոսությունը: Դա անհրաժեշտ է կողմերի միջև վստահության ձևավորման համար»,- նշեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:
Գոնցատոն հիշեցրեց, որ անցյալ ամիսների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ամենօրյա կրակոցներ են եղել: ԵՄ-ի դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, դիտարկումներ է անում և հաղորդումներ ուղարկում իրավիճակի վերաբերյալ: Առաքելության նպատակն է նպաստել հակամարտության լուծմանը և վստահություն ձևավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա միջադեպերից ու վերադառնալ երկխոսության: ԵՄ-ն, մաասնավորապես Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ 2021 թվականից ի վեր: Շառլ Միշելի հյուրընկալությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպման շրջանակում երկու երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1992 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որպես նախապայման է սահմանազատման գործընթացի համար»,- նշեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:
Նա կոչ արեց դադարեցնել կոշտ հռետորաբանությունը, ինչն էլ կարող է խաղաղության և հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմք հանդիսանալ։
ԵՄ հանձնակատարի խոսքով՝ անհրաժեշտ է հանձնառու լինել բանակցությունների արդյունքներին և ձգտել փոխադարձ վստահության ձևավորմանը:
«Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղում ներկայիս վատթարացող մարդասիրական իրավիճակը վնասում է խաղաղության գործընթացին: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն, անհապաղ ձեռնարկվեն կոնկրետ քայլեր՝ վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով»,- նշեց նա։
Հանձնակատարը վստահեցրեց՝ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն հանձնառու լինել երկու կողմերի միջև երկխոսությունը դյուրացնելու և տևական խաղաղություն ապահովելու հարցում՝ ի շահ և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության: