ՄԱԿ-ում Էվկադորի ներկայացուցիչը նշեց, որ մտահոգություն են հայտնում Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի խնդիրների վերաբերյալ, ինչը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի վրա և հղի է այն ապակայունացնելու ռիսկով:
«Սննդի, դեղորայքի մատակարարումների խափանումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Կողմերին կոչ ենք անում հետևել ՌԴ միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար մարդասիրական օգնության անխափան առաքումը քաղաքացիական բնակչությանը: Կողմերը պետք է հետևեն ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումներին: Ուստի պետք է վերհիշենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն այս գործի շրջանակում: Մասնավորապես 2023թ փետրվարի և հուլիսի կարգադրագրերով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ապահովելու համար մարդկանց և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2 ուղղությամբ:
Կողմերին կոչ ենք անում արագացնել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, որոնց հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները և ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը և սրել անվտանգային իրավիճակը քաղաքացիական բնակչության համար:
Էկվադորը հույս է հայտնում, որ բանակցությունների ջանքերը կշարունակվեն, կողմերը կհասնեն հակամարտության մնայուն լուծման, հնարավոր կլինի հետևել 2020թ. հայտարարության դրույթներին և ապահովել անվտանգ և ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը խաղաղության ջանքերի ակտիվացմանը և վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաև բոլոր այն նախաձեռնությունների և գործիքների հիման վրա, որոնք կնպաստեն խաղաղությանը, այդ թվում՝ խաղաղությանը միտված ԵՄ ջանքերը»,- նշեց ՄԱԿ-ում Էկվադորի ներկայացուցիչը: