Վերջին 20 օրում 3 նոր գերի՝ երկու քաղաքացիական, մեկ պահեստազորային:
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան օգոստոսի 16-ին Ադրբեջանի կողմից գերվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի համար՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը միջազգայն դատարան դիմել է դեպքից անմիջապես հետո:
Դեպքի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարարությունը տեսանյութ հրապարակեց, այդպիսով հերքելով ադրբեջանական կողմի պնդումը, թե Գագիկ Ոսկանյանը դիվերսիոն խմբում է եղել և իրենք կանխել են ներթափանցման փորձը: Տեսանյութում հստակ երևում է, որ Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում են, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորայինին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ Ոսկանյանին չեն հանդիպել, բայց հարցն ուշադրության կենտրոնում է:
Զառա Ամատունի (ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Այս պահի դրությամբ որևէ այլ քայլի մասին չենք կարող հաստատել հանրային հարթակում, սակայն մեր աշխատանքը տարվում է, այսինքն՝ պարզել հանգամանքները, մեր մարդասիրական հանձնագրի շրջանակում դիմել համապատասխան իշխանություններին՝ տեսակցություն անհապաղ կազմակերպելու համար։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը նաև հուլիսի 30-ին Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատչյանի գործով առարկություններն է ներկայացրել ՄԻԵԴ: Օգոստոսի 9-ին Եվրադատարանը Հայաստանին էր փոխանցել Խաչատրյանի պահման վայրի, պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունները:
Հասմիկ Սամվելյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ) - Վագիֆ Խաչատրյանի գործով երեկ դատարանի ներկայացրած վերջնաժամկետն էր, որ հայկական կողմը ներկայացնի իր առարկություններն ու դիրքորոշումը, մենք առանց ժամկետը խախտելու ուղարկել ենք։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին առևանգված Վագիֆ Խաչատրյանին Կարմիր Խաչի ներկայացուցիչները վերջին անգամ այցելել են օգոստոսի 11-ին, նրան հնարավորություն է տրվել նամակով կապվել հարազատների հետ: Մարդասիրական կառույցը օգտոստոսի 14-ին տեսակցել ու առանձնազրույց է ունեցել նաև օգոստոսի մեկին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանի հետ: Նա Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս է եկել և, ըստ ԼՂ-ի իրավապահ կառույցների, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Զառա Ամատունի - Խաչատրյանի և Բեգլարյանի պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչից չեն հանրայնացնում:
Բացի այս 3 դեպքից Բաքվում, ըստ պաշտոնական տվյալի, եւս 35 հայ գերի կա: Նրանք գերեվարվել են 2020-ի պատերազմի և դրանից հետո էսկալացիաների հետևանքով: Կարմիր Խաչի ներկայացուցիչները վերջին անգամ տեսակեցել են նրանց հուլիսի վերջին:
Զառա Ամատունի - Իրենց դեպքում բացի Կամիր խաչի նամակներից կիրառվել են նաև այլ կապի միջոցներ, հնարավորություն է տրվել տեսաուղերձներ փոխանակել ընտանիքի անդամների հետ, հեռախոսազանգ կատարել։
Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պնդեց՝ հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում են ապօրնաբար, ավելին ՝ շինծու դատական գործերով կայացված վիճռների ժամկետները որոշների դեպքում ավարտվել են, սակայն անձինք շարունակում են անազատության մեջ մնալ:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - 36-ից մի մասի վերաբերյալ, եթե ժամկետներ կային, ապա այդ ժամկետները լրացել են, նրանից մի քանիսի վերաբերյալ կա նաև պատժատեսակը փոխելու որոշում՝ իրենց բարձրագույն դատարանի որոշումը, դրանք արվել են պայմանավորվածությունների հիման վրա, որոնք իրենց ղեկավարը ստանձնել էր ԵԽ նախագահի ներկայությամբ, պատժաչափերը փոխվել են, նրանք այլևս կարող են գտնվել ազատության մեջ, կարող են հանձնվել հայկական կողմին:
Գերիների խախտված րավունքների մասին փաստերը Հայաստանը ներառել է նաև ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատում:
Հեղինակ՝ Անի Օհանյան