Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շրջափակումը դադարեցնելու համար ավելին անելու պահանջով ճնշումը ԱՄՆ-ի և այլ երկրների վրա մեծանում է։ Այս մասին նշված է ամերիկյան Axios գործակալության անդրադարձում՝ հիշեցումով, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հայերին սպառնում է ցեղասպանություն:
Պարբերականը զրուցել է Օկամպոյի հետ, որը նշել է, որ որպես Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրող ԱՄՆ-ը պարտավոր է գործել և համախմբվել այլ երկրների հետ՝ «խնդրին քաղաքական վերաբերմունք ցուցաբերելու համաձայնություն գտնելու համար»: Ըստ Օկամպոյի՝ համապատասխան համաձայնության չգալու դեպքում ԱՄՆ-ը կդիտարկվի որպես ցեղասպանության մեղսակից:
Axios-ը դիմել է նաև ԱՄՆ պետքարտուղարությանը, որտեղից նշել են, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական փակման կապակցությամբ, հավելել՝ ազատ տարանցումը պետք է անհապաղ վերականգնվի։
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչել Դենբերն էլ Axios-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և մյուսները պետք է «ճնշեն Ադրբեջանին, որպեսզի վերջինս դադարեցնի շրջափակումը և ապահովի սննդի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների ազատ և համարժեք հոսք Լաչինի ճանապարհով»: