ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Մալթան անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂ-ում ապահովվի սննդի և դեղորայքի հասանելիությունը:
Նա շեշտեց, որ խաթարվել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը, և անհրաժեշտ է վերջ դնել շրջափակմանը:
«Անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը ԼՂ-ի համար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական նորմերի համապատասխան: Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, որովհետև այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի այլընտրանք:
Մահերից կարելի է խուսափել: Բոլորը՝ հատկապես հասարակության խոցելի խմբերը, պետք է պաշտպանվեն: Ներքին տեղահանվածները և փախստականները պաշտպանված չեն խտրականությունից: Մարդասիրական օգնությունը չպետք է քաղաքականացվի: Պետք է ապահովվի ԿԽՄԿ-ի և տեղական կազմակերպությունների աշխատանքի վերականգնումը: Դրանից բացի՝ պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ և սոցիալական պարագաների տրամադրումը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է շարունակական լինի՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նպատակով: Կողմերին կոչ ենք անում հաղթահարել իրավիճակը՝ ապահովելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Հայ կանայք շարունակում են մարգինալացված լինել բոլոր գործընթացներում, և միայն դիվանագիտությունը կարող է ապահովել իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը և այնպիսի լուծում, որն օգտակար կլինի բնակչության համար:
Մալթան վերահաստատում է ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն իր հավատարմությունը և սատարում է ԵԱՀԿ համանախագահության ջանքերին: Խնդիրների խաղաղ լուծմանը ԵՄ ներգրավվածությունը մեծապես ողջունվում է: Խաղաղությունից բացի այլ ճանապարհ առաջ շարժվելու համար չկա: Մալթան վերահաստատում է իր կոչը՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ»,- նշեց Մալթայի ներկայացուցիչը: