ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Ֆելիքս Օսեյ Բոատենգը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել լիարժեք օգտագործել Եվրոպական Միության հովանու ներքո շարունակվող միջնորդական ջանքերն ու բանակցությունները:
Նրա կարծիքով՝ այդ քննարկումները կօգնեն նվազեցնել լարվածությունը, կնպաստեն հարաբերությունների կարգավորմանը և հող կնախապատրաստեն խաղաղության ապագա պայմանագրի շուրջ բանակցությունների համար։
«Մենք կարծում ենք, որ բաց ռազմական առճակատումն ու պատերազմը որևէ մեկի շահերին չեն ծառայում։ Դա խորացնում է քաղաքացիական բնակչության, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների տառապանքները»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ «Լաչինի միջանցքը և այլ ընդունելի կենսունակ երթուղիները» կարևորագույն օղակ են առողջապահության, հիմնական ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման գործում: