Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների ու ապրանքների մատակարարմանը՝ մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:
Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հայտարարեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:
«Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի կազմակերպությունը կարողանա իր կենսական աշխատանքներն իրագործել: Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»,- ասաց նա:
Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ տեղի ունեցող միջազգային գործընթացները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ վերջին շրջանում հյուրընկալած հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ջանքերը խաղաղության հասնելու ուղղությամբ՝ պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ:
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու համար: Նրա համոզմամբ՝ միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր կողմերին ավելի մոտեցնել խաղաղությանը։