Այսօր երեկոյան Հայաստանի պահանջով Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նիստին ընդառաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ կանխելու հնարավոր ցեղասպանությունը:
Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ՝ մասնավորապես առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Վեդանտ Պատել (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ) - Նման մարդասիրական երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը։ Մենք նաև տեղյակ ենք, որ չորեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախատեսված։
Պատասխանելով հարցին՝ ինչպիսին է լինելու ԱՄՆ դիրքորոշումը ՄԱԿ-ում՝ Պատելը շեշտել է.
Վեդանտ Պատել - Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը լուծելու հարցում, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին:
«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղում ապրած հայերի էթնիկ զտման փորձ»։
Սենատորները ՄԱԿ-ին կոչ են արել գործել՝ կառույցի կանոնադրության և մանդատի համաձայն և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ կանխելու հնարավոր ցեղասպանությունը:
«Ութ ամիս շարունակվող շրջափակման նպատակն է զրկել Լեռնային Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից: Դա ծանր հետևանքներ կունենա Լեռնային Ղարաբաղում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հիվանդություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար»։
Սենատորները մտահոգություն են հայտնել՝ իրավիճակն արդեն բավականին լուրջ է:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ ամփոփելով Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդառաջ Ֆրանսիայի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը:
«Կատրին Կոլոննան խոր մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն ավելի քան ութ ամիս է՝ տուժում է Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական շրջափակման հետևանքով: Այդ շրջափակումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։ Նա ընդգծել է, որ առկա խնդիրները կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով»։
Կոլոննան հերթական անգամ կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը, ինչպես նաև չզրկել բնակչությանը գազից և էլեկտրաէներգիայից։ Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը նաև հիշեցրել է՝ Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի միջանկյալ որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:
«Նախարարը հավաստիացրել է հայ գործընկերոջը, որ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցության հարցում և լրացուցիչ 3 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական նախաձեռնությունների համար»։
Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Կատրին Կոլոննան և Արարատ Միրզոյանն անդրադարձել են ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների թիրախավորմանը։ Նախարար Կոլոննան մտահոգություն է հայտնել միջադեպի հետ կապված և աջակցություն հայտնել եվրոպական առաքելությանը։
Հայաստանում ԵՄ առաքելությունն ականատես է եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կրակոցների։ Առաքելությունը նաև Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման վկան է՝ Թվիթերի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն:
«Եվրոպան այնտեղ աչքեր ու ականջներ ունի։ Գործելու ունակությո՞ւն չունեն, թե՞ կամք: Հայ ժողովուրդը որևէ մեկի վրա չի հարձակվում և արժանի է պաշտպանության»,- գրել է պաշտոնյան:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն էլ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխան պահանջել Ադրբեջանից՝ Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների թիրախավորման վերաբերյալ։
Թվիթերի միկրոբլոգում պատգամավորը գրել է. «Դա անընդունելի է։ Եթե Բաքուն լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»։