Դատախազությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Այասի փողոցի 10/1 անշարժ գույքի փոխարեն այժմ դրա միջին շուկայական արժեքն է պահանջում: Հակակոռուպցիոն դատարանում Սուրիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստին դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը, որը դատարանն արդեն իսկ բավարարել է: Դատարանը 2020-ին սնանկ է ճանաչել Սուրիկ Խաչատրյանին, ինչի հետևանքով այս գույքն օտարվել է «Հայբիզնեսբանկին»:
Գևորգ Քոչարյան (Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Նշվածով պայմանավորված՝ առկա է գույքը բռնագանձելու անհնարինություն, ուստի Սուրիկ Խաչատրյանից ենթակա է բռնագանձման դրա միջին շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 176 միլիոն դրամ:
Սկզբնական հայցում, եթե Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի փեսայից՝ Էրիկ Համբարձումյանից, պահանջում էր բռնագանձել ընկերություններից մեկի 100 տոկոսը, ապա այժմ՝ 50 տոկոս բաժնեմասը: Դատախազությունը պարզել է, որ Համբարձումյանը մյուս 50 տոկոսը նվիրել է Խաչատրյանի մյուս փեսային՝ Ռուբեն Գալստյանին: Ուստի պահանջը երկու փեսաներից է: Մինչև հայցի փոփոխության վերաբերյալ հարցադրումներին անցնելը, Խաչատրյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացրեց: Ըստ նրա՝ այս գործով ուսումնասիրությունը սկսվել է 2020-ի հոկտեմբերին, փոփոխվել 2023-ին:
Վահագն Գրիգորյան (Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ) - Ինչը նշանակում է, որ 2023 թվականի դրությամբ՝ իրավասու մարմինը դեռևս տեղեկատվություն և տվյալներ է ձեռք բերելիս եղել Սուրիկ Խաչատրյանից բռնագանձման ենթակա գույքի առկայության և ծավալների վերաբերյալ: Սակայն այդ ուսումնասիրությունը կարող էր տևել առավելագույնը 2 տարի՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 8-ը:
Ըստ փաստաբանի՝ այս հայցադիմումի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմությունը, քանի որ Դատախազությունը՝ ուսումնասիրություն ներկայացնելու ժամկետը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ բաց է թողնված: Դատախազն առարկեց միջնորդության դեմ, առարկությունը կներկայացնի գրավոր՝ մյուս նիստին:
Դատախազությունը Սյունիքի նախկին մարզպետից, նրա կնոջից, որդիներից և այլ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել շուրջ 19,1 մլրդ դրամի գույք ու ակտիվներ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան